Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կլիմայի փոփոխությունը կարող է զգալիորեն ընդլայնել չիկունգունյա վիրուսի տարածումը՝ թույլ տալով, որ հիվանդությունը մինչև դարավերջ ներթափանցի բարեխառն տարածաշրջաններ, ներառյալ Կենտրոնական Եվրոպա, Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելք և Արևելյան Ասիա:

Չիկունգունյան վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է Aedes ցեղի մոծակների միջոցով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն դասում է անտեսված արևադարձային հիվանդությունների շարքին: Հիմնական ախտանիշները ներառում են բարձր ջերմություն, ուժեղ ցավ հոդերում, մկանային ցավեր, հոգնածություն, գլխացավ, սրտխառնոց և մաշկային ցան:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ 2026 թվականի սկզբից աշխարհում գրանցվել է չիկունգունյայի մոտ 33 հազար ախտանշական դեպք և ինը մահ, առավելապես Հարավային Ամերիկայում: Ներկայում վիրուսը էնդեմիկ չի համարվում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի համար, որտեղ հիվանդության դեպքերը հիմնականում կապված են արևադարձային երկրներից վերադարձած ճանապարհորդների հետ:

Չինացի գիտնականները վերլուծել են վիրուսի և դրա փոխանցողների տարածման վերաբերյալ տասնյակ հազարավոր գլոբալ տվյալներ՝ օգտագործելով Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) կլիմայական սցենարները՝ ապագայում հիվանդության հնարավոր տարածումը կանխատեսելու համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կլիմայի փոփոխությունը կարող է նպաստել չիկունգունյայի տարածմանը գլխավորապես ասիական վագրային մոծակի (Aedes albopictus) արեալի ընդլայնման հաշվին, որն ավելի լավ է տանում զով պայմանները, քան դեղին տենդի մոծակը (Aedes aegypti): Հետազոտողները նշելեն, որ տաքացումը թույլ կտա այս տեսակին ամրապնդվել այն տարածաշրջաններում, որոնք նախկինում չափազանց ցուրտ էին նրա գոյության համար, ինչը կմեծացնի տեղային բռնկումների վտանգը:

Հետազոտության հեղինակները հյուսիս-կենտրոնական Եվրոպան, Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելքը և Արևելյան Ասիան անվանել են հիվանդության առավել հավանական ապագա օջախներ: Նրանք առողջապահական մարմիններին կոչ են արել արդեն այժմ ուժեղացնել մոծակների մոնիթորինգը, նախապատրաստել արագ արձագանքման համակարգեր և կրթել բժիշկներին՝ վարակը ժամանակին ճանաչելու համար:

Հետազոտողները շեշտել են, որ խուճապի պատճառ չկա, սակայն երկրները պետք է նախապես պատրաստվսեն, որպեսզի նվազեցնեն ապագա համաճարակների վտանգը: Նրանք նշել են նաև, որ գլոբալ տաքացման սահմանափակումը և մոծակների դեմ պայքարի միջոցառումների ուժեղացումը կարող են օգնել կանխել հիվանդության մասշտաբային բռնկումները: