Ուղեղի պատկերման մեթոդներով արված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երկարատև COVID-ը  հնարավոր է, որ կապված չէ ուղեղի մշտական բորբոքման հետ։ Այս բացահայտումը կասկածի տակ է դնում հիվանդության առաջացման հիմնական տեսություններից մեկը։

Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանի գիտնականները երկարատև ախտանիշներից տառապող պացիենտների մոտ տարածված նեյրոբորբոքման նշաններ չեն հայտնաբերել։ Փոխարենը՝ այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են ավելի ծանր ախտանիշներ, ակտիվության բարձրացում է նկատվել ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են էմոցիաների, սթրեսի և հիշողության համար։

«Journal of Neurology» ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները հիմնված են երկարատև COVID ունեցող 14 պացիենտների, ինչպես նաև առողջ կամավորների և ցրված սկլերոզով հիվանդների ուղեղի ՊԷՏ և ՄՌՏ սկանավորման տվյալների վրա։ Նշենք, որ ցրված սկլերոզի դեպքում ուղեղի բորբոքումը լավ ուսումնասիրված երևույթ է։

Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ երկարատև COVID-ի ախտանիշները, այդ թվում՝ քրոնիկ հոգնածությունը, «ուղեղի մառախուղը», տագնապայնությունն ու դեպրեսիան, կարող են հետևանք լինել SARS-CoV-2 վարակից հետո պահպանված բորբոքային գործընթացների։ Սակայն այս նոր հետազոտությունը ցույց տվեց, որ երկարատև COVID-ով պացիենտների մոտ բորբոքային ակտիվությունը զգալիորեն ցածր է եղել, քան ցրված սկլերոզով հիվանդների մոտ, և գրեթե չի տարբերվել առողջ մարդկանց ցուցանիշներից։

Գիտնականները հետազոտել են նաև պացիենտների արյունը՝ տեսնելու համար, թե արդյոք կան նյարդային բջիջների վնասման կամ քայքայման նշաններ, սակայն երկարատև COVID-ով տառապողների մոտ որևէ լուրջ շեղում չեն գտել։

Փոխարենը՝ հետազոտությունը մեկ այլ կարևոր բան է պարզել։ Այն պացիենտների մոտ, ովքեր ունեցել են ուժեղ տագնապ, դեպրեսիա և դժգոհ են եղել իրենց կյանքի որակից, ուղեղի երկու հատվածներում՝ հիպոկամպում և նշագեղձանման մարմնում, բջիջների ակտիվությունը բարձր է եղել։ Հենց այս հատվածներն են ուղեղում պատասխանատու էմոցիաները կառավարելու, հիշողության և սթրեսին դիմակայելու համար։

Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Լաուրա Այրասը նշում է, որ բորբոքումը հնարավոր է հանդիպի միայն հիվանդության սկզբում՝ վարակվելուց անմիջապես հետո, իսկ հետո այն կամաց-կամաց անհետանում է։

Այս տվյալները հուշում են, որ երկարատև COVID-ի ձգձգվող ախտանիշները ոչ թե ուղեղի երկարատև ու լայնածավալ բորբոքման հետևանք են, այլ ավելի շուտ կապված են էմոցիաների և սթրեսի համար պատասխանատու ուղեղային ցանցերի աշխատանքի փոփոխության հետ։

Գիտնականների կարծիքով՝ այս բացահայտումը կարող է փոխել հիվանդության բուժման մոտեցումները։ Որոշ պացիենտների դեպքում միայն հակաբորբոքային դեղեր տալու փոխարեն հնարավոր է շատ ավելի արդյունավետ լինեն սթրեսի կառավարմանն ու էմոցիաների կարգավորմանն ուղղված մեթոդները։

Հետազոտողներն ընդգծում են, որ դեռևս նոր ուսումնասիրություններ են պետք երկարատև COVID-ի կենսաբանական պատճառներն ավելի լավ հասկանալու և հենց այս հիվանդությանն ուղղված բուժում մշակելու համար։