Ամերիկացի գիտնականների կատարած նոր մեծ հետազոտությունը կասկածի տակ է դրել դեմենցիայի մասին բազային պատկերացումներից մեկը։ Պարզվել է, որ սևամորթ և լատինաամերիկացի պացիենտների մոտ, որոնք զգալիորեն ավելի հաճախ են տառապում դեմենցիայից, շատ ավելի հազվադեպ են հայտնաբերվում Ալցհեյմերի հիվանդության նշաններ ուղեղի սքանավորման ժամանակ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են կոգնիտիվ խանգարումներ կամ դեմենցիա ունեցող և ԱՄՆ տարբեր շրջաններում ապրող 5 757 տարեց պացիենտների տվյալները։ Անցկացվել է բոլոր մասնակիցների ուղեղի ՊԷՏ-սքանավորում (պոզիտիվ-էմիսիոն տոմոգրաֆիա- խմբ․)՝ ամիլոիդային բշտերի՝ Ալցհեյմերի հիվանդության գլխավոր կենսաբանական նշաններից մեկի որոնման համար։ Ամիլոիդի կուտակումն էլ հենց երկար ժամանակ համարվում էր դեմենցիայի դեպքերի մեծամասնության առաջացման կենտրոնական մեխանիզմը։
Սակայն արդյունքներն անսպասելի էին։ Էթնիկական այլ խմբերի համեմատությամբ ամիլոիդային բշտերի հայտնաբերման հավանականությունը 28 տոկոսով ցածր է եղել սևամորթ և 22 տոկոսով՝ լատինաամերիկացի պացիենտների մոտ։ Միևնույն ժամանակ, այդ խմբերը, նախորդ հետազոտությունների համաձայն, ավելի հաճախ են բախվել դեմենցիայի խնդրին. սևամորթ մարդկանց պարագայում հավանականությունը մեծ էր 54, իսկ լատինաամերիկացիների դեպքում՝ մոտ 92 տոկոսով՝ սպիտակամորթ ամերիկացիների համեմատ։
Աշխատանքի հեղինակների կարծիքով՝ սա կարող է նշանակել մի ինչ-որ շատ կարևոր բան. բնակչության տարբերի խմբերի մոտ դեմենցիան կարող է ունենալ տարբեր կենսաբանական պատճառներ։ Այլ խոսքով՝ հիշողության և մտածողության վատթարացման ախտանշանները միշտ չէ, որ պայմանավորված են դասական Ալցհեյմերի հիվանդությամբ։ Հնարավոր է, որ զգալի դեր են խաղում անոթային խանգարումները, քրոնիկական սթրեսը, սոցիալական անհավասարությունը, բուժօգնության որակը, դիաբետը, հիպերտոնիան և այլ գործոններ։
Հետազոտողները նախազգուշացնում են նաև գործնական խնդրի մասին։ Այսօր Ալցհեյմերի հիվանդության դեմ կիրառվող ժամանակակից շատ դեղամիջոցներ նշանակվում են միայն ամիլոիդային բշտեր ունեցող պացիենտներին։ Բացի այդ, հենց այդ պացիենտներն են ավելի հաճախ օգտվում նոր դեղերի կլինիկական փորձարկումներից։ Սա նշանակում է, որ սևամորթ և լատինաամերիկացի պացիենտներտ կարող են ինքնաբերաբար ավելի քիչ բուժում և փորձարարական թերապիա ստանալ։
Եվս մեկ անսպասելի եզրահանգում կապված է սոցիալական անհավասարության հետ։ Առավել անբարենպաստ շրջաններում ապրող մարդկանց շրջանում դրական ՊԷՏ-սքանավորման հավանականությունը 40 տոկոսով ավելի բարձր է եղել ամենաբարենպաստ շրջաններում ապրողների համեմատ։ Գիտնականների կարծիքով՝ սա լուրջ ազդանշան է այն մասին, թե որքան ուժեղ կարող են աղքատությունը և կյանքի պայմաններն ազդել ուղեղի առողջության վրա։
Հեղինակներն ընդգծել են. բժշկությունը չափազանց երկար է դիտարկել դեմենցիան գրեթե բացառապես Ալցհեյմերի հիվանդության պրիզմայով։ Նոր տվյալները ցույց են տալիս, որ այս մոտեցումը կարող է խիստ նեղ լինել և անգամ ուժեղացնել գոյություն ունեցող անհավասարությունն առողջապահության մեջ։ Հետազոտողները կոչ են անում ավելի լայնորեն ուսումնասիրել դեմենցիայի պատճառները, հատկապես տարբեր էթնիկական և սոցիալական խմբերում։






