Նոր գիտափորձը ցույց է տվել, որ ալկոհոլ օգտագործած ուսանողները հաջորդ օրն իսկ ճանաչողական ունակությունների զգալի անկում է նկատվել, նույնիսկ եթե խոսքը ծանր հարբեցողության մասին չէ: Հետազոտությունը հրապարակվել է Alcohol, Clinical and Experimental Research բժշկագիտական հանդեսում:
Օրեգոնի համալսարանի գիտնականները՝ Էշլի Լինդեն-Քարմայքլի ղեկավարությամբ, հետևել են ավելի քան 300 ուսանողների, ովքեր նախկինում ունեցել են ալկոհոլի ծանր օգտագործման դրվագներ և հիշողության մթագնումներ:
Երեք շաբաթվա ընթացքում մասնակիցները կանոնավոր կերպով լրացրել են հարցումներ և օրվա ընթացքում անցել ճանաչողական թեստեր։ Դա հետազոտողներին հնարավորություն է տվել պարզել, թե նախորդ օրն ալկոհոլի օգտագործումն ինչպես է ազդում հաջորդ օրվա հիշողության, ուշադրության և մտածողության ունակության վրա:
Արդյունքները բավականին միանշանակ են եղել.
- ալկոհոլի ցանկացած օգտագործում հաջորդ օրը ճանաչողական խափանումների հավանականությունը մեծացրել է 14%-ով։
- ալկոհոլի յուրաքանչյուր հավելյալ չափաբաժին ռիսկն ավելացրել է ևս 5%-ով։
- «ծանր խմելու» դրվագները զգալիորեն ուժեղացրել են ազդեցությունը։
Առանձնապես արտահայտված հետևանքներ են նկատվել այսպես կոչված «շվայտ խմիչքի» կամ ուժեղ հարբածության դրվագների ժամանակ, որոնք ուղեկցվել են հիշողության կորստով։ Նման դեպքերում հաջորդ օրը ճանաչողական խանգարումների հավանականությունն ավելի քան կրկնապատկվել է։
Հետազոտությունն առանձնացրել է խանգարումների մի քանի տեսակ.
- ապագա հիշողության խանգարումներ. ծրագրված գործերը մոռանալու հավանականությունն աճել է 66%-ով։
- հուշերի խանգարումներ. արդեն յուրացված տեղեկությունը մոռանալու ռիսկը բարձրացել է 75%-ով։
- կոգնիտիվ խափանման ընդհանուր ռիսկ. աճել է 2,3 անգամ։
Անգամ հիշողության «մթագնման» առանձին դրվագները կապված են եղել լուրջ հետևանքների հետ՝ հաջորդ օրը հիշողության սխալների աճի և ճնաչողական արդյունավետության վատթարացման դրսևորմամբ:
Ըստ Էշլի Լինդեն-Քարմայքլի՝ ուսանողները հաճախ սխալմամբ կարծում են, թե սթափվելուց հետո ուղեղն ամբողջությամբ վերականգնվում է։ Սակայն տվյալները ցույց են տալիս, որ հետևանքները պահպանվում են նաև հաջորդ օրը՝ ազդելով ուսման, աշխատանքի և սոցիալական փոխազդեցությունների վրա։
Հետազոտողները նշել են նաև, որ ալկոհոլային «հիշողության կորստի» ժամանակ մարդը արտաքուստ կարող է շարունակել գործել, սակայն չի ձևավորում նոր հիշողություններ և ավելի վատ է գնահատում իրավիճակը, ինչը մեծացնում է վտանգավոր որոշումների և վնասվածքների ռիսկը։
Ապագայում թիմը ծրագրում է ուսումնասիրել՝ արդյոք քունը կարող է մեղմել ալկոհոլի հետևանքները, ինչպես նաև, թե ինչպես են ազդում ալկոհոլի համակցումն այլ նյութերի հետ և օգտագործման կրկնվող դրվագները:






