Գիտնականները հայտնել են Ամիվանտամաբ նոր հակաքաղցկեղային դեղամիջոցի միջազգային կլինիկական հետազոտության հուսադրող արդյունքների մասին, որը մի շարք դեպքերում հանգեցրել է գլխի և պարանոցի քաղցկեղի ծանր ձևեր ունեցող պացիենտների ուռուցքների ամբողջական անհետացմանը:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Չիկագոյում ընթացող American Society of Clinical Oncology-ի (ուռուցքաբանական ամենախոշոր համաժողովն աշխարհում) ամենամյա գիտաժողովի ժամանակ, գրում է The Guardian-ը:
Փորձարկումներին մասնակցել է 102 պացիենտ 11 երկրից: Նրանք բոլորը տառապում էին գլխի և պարանոցի քաղցկեղով, որը կա՛մ տարածվել էր օրգանիզմում, կա՛մ վերսկսվել էր բուժումից հետո: Բացի այդ, հիվանդությունն այլևս չէր արձագանքում թերապիայի ստանդարտ մեթոդներին, ներառյալ քիմիաթերապիան և իմունոթերապիան:
Ըստ հետազոտողների, դեղամիջոցի կիրառումից հետո ուռուցքները փոքրացել կամ ամբողջությամբ անհետացել են 43 պացիենտի մոտ: 28 հոգու մոտ նկատվել է նորագոյացությունների չափերի զգալի կրճատում, իսկ 15 պացիենտի մոտ բժիշկներն ուռուցքի որևէ հետք չեն հայտնաբերել:
Պրոֆեսոր Քևին Հարինգթոնը ստացված արդյունքներն անվանել է աննախադեպ:
«Սա արտակարգ ուժեղ արձագանք է բուժմանը այն պացիենտների մոտ, որոնց հիվանդությունը դիմացկուն էր դարձել թե՛ քիմիաթերապիայի, թե՛ իմունոթերապիայի նկատմամբ: Հիվանդների այս խմբի համար բուժման տարբերակները խիստ սահմանափակ են, ուստի նման արդյունքը հատկապես տպավորիչ է»:
Johnson & Johnson ընկերության մշակած Ամիվանտամաբ դեղամիջոցը գործում է միանգամից երեք ուղղությամբ: Այն արգելափակում է EGFR սպիտակուցը, որը նպաստում է ուռուցքների աճին, ճնշում է MET ազդանշանային ուղին, որն օգտագործում են քաղցկեղային բջիջները թերապիան շրջանցելու համար, ինչպես նաև ակտիվացնում է իմունային համակարգը՝ ուռուցքի դեմ պայքարելու համար:
Հետազոտության մասնակիցներից մեկը 56-ամյա Կարլ Ուոլշն է Բիրմինգհեմից: Այն բանից հետո, երբ ստանդարտ բուժումը չի օգնել, նրան ընդգրկել են OrigAMI-4 հետազոտության մեջ: Ըստ պացիենտի, թերապիայի ընդամենը մի քանի փուլից հետո իր վիճակը զգալիորեն բարելավվել է:
Մինչև բուժումն սկսելը տղամարդն ուժեղ ցավեր ուներ, խոսելու և սնվելու դժվարություններ, նաև քաշ էր կորցրել: Սակայն մի քանի ամիս անց այտուցը էապես փոքրացել է, ցավը մեղմացել, իսկ նորմալ խոսելու և սնվելու կարողությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Նոր դեղամիջոցի կարևոր առանձնահատկությունը ներարկման եղանակն է: Ի տարբերություն ժամանակակից ուռուցքաբանական շատ միջոցների, որոնք պահանջում են երկարատև ներարկումներ, Ամիվանտամաբը ներարկվում է ենթամաշկային փոքր ներարկումով՝ երեք շաբաթը մեկ անգամ: Դա բուժումը զգալիորեն ավելի հարմարավետ է դարձնում ինչպես պացիենտների, այնպես էլ բժշկական հաստատությունների համար:
Հետազոտողները նաև ընդգծում են, որ աշխատանքը կենտրոնացած է եղել հատկապես բարդ կատեգորիայի հիվանդների վրա. պացիենտներ, որոնց գլխի և պարանոցի ուռուցքները կապված չեն մարդու պապիլոմա վիրուսի հետ: Հիվանդության նման ձևերը սովորաբար ավելի դժվար են բուժվում և բնութագրվում են պակաս բարենպաստ կանխատեսմամբ:
Չնայած հիվանդության ծանրությանը և նախորդ մեթոդների արդյունավետության բացակայությանը, բուժումն սկսելուց հետո մասնակիցների կյանքի միջին տևողությունը կազմել է 12,5 ամիս, ինչը մասնագետները հուսադրող ցուցանիշ են համարում պացիենտների այս խմբի համար:
Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Քրիստիան Հելինը նշել է, որ ստացված արդյունքները ցույց են տալիս ուռուցքաբանական հետազոտությունների ժամանակակից մեթոդների ներուժը և կարող են կարևոր քայլ լինել այն պացիենտների համար, որոնց մոտ գրեթե չեն մնացել թերապևտիկ տարբերակներ: