Շատերը համոզված են, որ կարող են միաժամանակ մի քանի գործ արդյունավետ անել՝ աշխատանքի ընթացքում պատասխանել նամակներին, մեքենա վարելիս խոսել հեռախոսով կամ միանգամից հետևել տեղեկատվական մի քանի հոսքերի։
Սակայն Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի, Հագենի հեռակա համալսարանի և Համբուրգի բժշկական դպրոցի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդու ուղեղն ունի հիմնարար սահմանափակումներ, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ հաղթահարել նույնիսկ տևական մարզումների արդյունքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Quarterly Journal of Experimental Psychology» ամսագրում։
Փորձի ընթացքում մասնակիցներին առաջարկվել է միաժամանակ կատարել տարբեր զգայարաններ ներգրավող երկու տարբեր առաջադրանք։ Նրանք պետք է գնահատեին էկրանին հայտնվող շրջանի չափսը և միևնույն ժամանակ որոշեին հենց այդ պահին հնչող ձայնի տոնայնությունը։ Փորձարկումները տևել են մինչև տասներկու օր, ինչը հետազոտողներին թույլ է տվել հետևել, թե ինչպես են ինտենսիվ մարզումներն ազդում ուղեղի աշխատանքի վրա։
Ինչպես և սպասվում էր, փորձի արդյունքում մասնակիցներն սկսել են ավելի արագ կատարել առաջադրանքները և ավելի քիչ սխալներ թույլ տալ։ Առաջին հայացքից սա կարող էր վկայել այն մասին, որ ուղեղն աստիճանաբար յուրացնում է տեղեկատվության զուգահեռ մշակման հմտությունը։ Սակայն ավելի խորը վերլուծությունը լրիվ այլ պատկեր է ի հայտ բերել։ Նույնիսկ արդյունքների զգալի բարելավումից հետո էլ պահպանվել է այսպես կոչված ճանաչողական «նեղ անցումը»՝ տեղեկատվության մշակման այն փուլը, որը չի կարող միաժամանակ տեղի ունենալ մի քանի առաջադրանքների համար։
Հատկապես խոսուն է եղել փորձի երկրորդ փուլը։ Երբ հետազոտողները նույնիսկ չնչին փոփոխություններ են մտցրել առաջադրանքների կատարման սովորական հերթականության մեջ, սխալների քանակը կտրուկ աճել է, իսկ աշխատանքի արագությունը՝ ընկել։ Սա փաստում է այն մասին, որ ուղեղը ոչ թե սովորել է պրոցեսները զուգահեռ իրականացնել, այլ պարզապես դրանց միջև անցումներ կատարելու շատ արդյունավետ հաջորդականություն է մշակել։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այս արդյունքներն ունեն կարևոր գործնական նշանակություն։ Դրանք օգնում են բացատրել, թե ինչու են նույնիսկ փորձառու վարորդները սխալներ թույլ տալիս հեռախոսով խոսելիս, իսկ բարձր ծանրաբեռնվածության պայմաններում աշխատող մասնագետները, օրինակ՝ ավիադիսպետչերները, համաժամանակյա թարգմանիչները կամ բարդ համակարգերի օպերատորները, արագ են հոգնում և դառնում ավելի խոցելի սխալների նկատմամբ։
Հետազոտողների կարծիքով՝ մարդու ուղեղը հիանալիորեն գլուխ է հանում գործողությունների հաջորդականությունը կազմակերպելուց, սակայն «անսահմանափակ բազմագործառութայնության» գաղափարը մնում է սոսկ առասպել։ Որքան բարդ են առաջադրանքները և որքան հաճախ է հարկ լինում փոխել ուշադրությունը, այնքան մեծանում է ճանաչողական ծանրաբեռնվածությունն ու սխալվելու հավանականությունը։






