The BMJ հանդեսում հրապարակված հետազոտությունների շարքը ցույց է տալիս, որ նորածինների, երեխաների և դեռահասների շրջանում մահացության նվազեցման գլոբալ առաջընթացը 2015 թվականից հետո զգալիորեն դանդաղել է։

Գիտնականները զգուշացնում են, որ ընթացիկ միտումների դեպքում մինչև տասնամյակի վերջ կարող են տեղի ունենալ միլիոնավոր կանխարգելելի մահեր։

Հետազոտողների գնահատականներով՝ եթե չուժեղացվեն ֆինանսավորումն ու առողջապահական միջոցառումները, մինչև 2030 թվականը աշխարհում կարող է մահանալ մինչև 9,4 միլիոն մարդ, նրանց թվում՝ մինչև հինգ տարեկան մոտ 2,5 միլիոն երեխա։

Վերլուծությունն ընդգրկում է 1990-2024 թվականների ընթացքում 200 երկրների տվյալներ և ցույց է տալիս, որ, չնայած մանկական մահացության երկարաժամկետ նվազմանը, այդ նվազման տեմպերը զգալիորեն տարբերվում են տարածաշրջանների և տարիքային խմբերի միջև։

2024 թվականին մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահերի թիվը կազմել է մոտ 4,9 միլիոն։ Դրանց գրեթե կեսը բաժին է ընկել նորածիններին։ Հիմնական պատճառներն են դարձել վաղաժամ ծննդաբերության բարդությունները (մոտ 860 հազար դեպք) և շնչառական վարակները, ներառյալ թոքաբորբը (մոտ 660 հազար դեպք)։

Թեև 2000-2015 թվականներին մինչև հինգ տարեկան երեխաների մահացությունը տարեկան նվազում էր մոտ 3,9%-ով, 2015-2024 թվականների ընթացքում տեմպերը դանդաղել են մինչև տարեկան 1,5%` ինչը վկայում է առաջընթացի լճացման մասին։

Կրտսեր տարիքի երեխաների շրջանում մահացության ամենամեծ բաժինն ընկնում է Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրներին և Հարավային Ասիային, որտեղ պահպանվում են բժշկական օգնության, սննդի և առողջապահական բազային ենթակառուցվածքների հասանելիության խնդիրները։

5-19 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում 2024 թվականին մահացել է մոտ 1,3–1,4 միլիոն մարդ։ Այս խմբում զգալի բաժին են կազմում վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև վնասվածքները։ Առաջատար պատճառների թվում են ճանապարհատրանսպորտային պատահարները և մալարիան։

Գիտնականները նշում են նաև, որ այնպիսի պատճառներ, ինչպիսիք են մանկական քաղցկեղը, երիտասարդ մայրերի շրջանում բարդությունները և վնասվածքները, հաճախ բավարար առաջնահերթություն չեն ստանում առողջապահության գլոբալ քաղաքականության մեջ՝ չնայած դեռահասների մահացության համար դրանց ունեցած նշանակությանը։

Հեղինակներն ընդգծում են, որ դրանք դիտողական տվյալներ են՝ հիմնված մոդելավորման և վիճակագրական տարբեր աղբյուրների վրա, ինչն անխուսափելիորեն կապված է սահմանափակումների ու անորոշությունների հետ։ Այդուհանդերձ, դա այսօրվա դրությամբ երեխաների և դեռահասների մահացության ամենահամապարփակ գլոբալ պատկերն է։

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ առանց ուժեղացված ներդրումների և քաղաքական կամքի՝ կանխարգելելի մահերը կմնան զանգվածային երևույթ։ Կից խմբագրական հոդվածում փորձագետներն առաջընթացի դանդաղումն անվանում են «ծավալվող ողբերգություն» և ընդգծում հրատապ միջոցառումների անհրաժեշտությունը, հատկապես՝ առավել հարուստ երկրներում։