Նյուքասլի համալսարանի Մարդու սնուցման և ֆիզիկական ակտիվության հետազոտական կենտրոնի գիտնականների նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են European Journal of Clinical Nutrition ամսագրում, ցույց է տվել, որ Անգլիայում ռիսկի հիմնական խմբերի, այդ թվում՝ տարեցների և էթնիկ փոքրամասնությունների շրջանում վիտամին D-ի պակասը տարածված է ամբողջ տարվա ընթացքում: Ստացված տվյալները կասկածի տակ են դնում այն տարածված պատկերացումը, թե ամառային արևի լույսը բավարար է վիտամին D-ի նորմալ մակարդակը վերականգնելու համար:

Հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի հյուսիսային շրջանների շուրջ 300 բնակիչ։ Վիտամին D-ի մակարդակը գնահատվել է արյան կաթիլային հետազոտության միջոցով, որի նմուշները հավաքագրվել են տեղային և առցանց հարցումների շրջանակում: Ընտրանքում ներառվել են 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև տարբեր տարիքի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Արդյունքները փաստել են, որ վիտամին D-ի անբավարարությունը լայնորեն տարածված է եղել երկու խմբերում էլ։ Տարեց մասնակիցների ավելի քան կեսի մոտ արձանագրվել է վիտամին D-ի ցածր մակարդակ, իսկ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում այս ցուցանիշն է՛լ ավելի բարձր է եղել։

Ընդ որում, ամենաառանցքային բացահայտումն այն էր, որ սեզոնային սպասվող բարելավումն այդպես էլ տեղի չի ունեցել. նույնիսկ ամառային ամիսներին վիտամին D-ի մակարդակը զգալիորեն չի բարձրացել։

Սա հակասում է այն տարածված կարծիքին, թե ամռանը արևի ակտիվության մեծացումը կարող է լրացնել ձմռան ընթացքում առաջացած դեֆիցիտը: Հեղինակներն ընդգծում են, որ հյուսիսային լայնություններում, օրինակ՝ Անգլիայի հյուսիսում ապրողների, և հատկապես բարձր ռիսկի խմբերի համար միայն արևի տակ գտնվելը կարող է բավարար չլինել:

Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում ոսկրային նյութափոխանակության, իմունային համակարգի գործառույթի և ընդհանուր առողջական վիճակի կարգավորման գործում: Դրա պակասը կապված է օստեոպորոզի, ռախիտի և մի շարք քրոնիկ հիվանդությունների առաջացման բարձր ռիսկի հետ: Այս համատեքստում բնակչության զգալի մասի շրջանում վիտամին D-ի կայուն ցածր մակարդակը դիտարկվում է որպես հանրային առողջապահության լուրջ խնդիր:

Հետազոտողները շեշտում են ավելի թիրախային միջոցառումների անհրաժեշտությունը՝ սկսած իրազեկվածության բարձրացումից մինչև բժշկական սովորական այցերի ժամանակ վիտամին D-ի մակարդակի արագ թեստերի ներդրումը և ռիսկի խմբերում կենսահավելումների ընդլայնված կիրառումը: Նրանց կարծիքով՝ կանխարգելման ռազմավարությունը պետք է լինի ոչ թե սեզոնային, այլ տարեկան՝ կլոր տարի: