Գիտնականները գենետիկական խմբագրման միջոցով վերածրագրավորել են աղիքային փոքրիկ մակաբույծ որդին՝ ակնհայտորեն մարդու, ինչպես նաև շների ու կատուների օրգանիզմ ներթափանցող ծնկաորդը։ Այժմ այն արտադրում է հակամարմիններ, որոնք մասնակիորեն չեզոքացնում են ֆուգու ձկան մահացու թույնը՝ տետրոդոտոքսինը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են հեղինակավոր «Nature Communications» ամսագրում։
Փորձարկման համար օգտագործվել է Ancylostoma ceylanicum տեսակի ծնկաորդը։ CRISPR տեխնոլոգիայի օգնությամբ գիտնականները դեռ ձվի փուլում գտնվող մակաբույծի գենոմի մեջ ներարկել են տետրոդոտոքսինի դեմ պայքարող հակամարմնի գենը։ Կարևոր է, որ գենային այս փոփոխությունն արվել է այնպես, որ չխաթարի որդի կենսագործունեությունը, բայց միևնույն ժամանակ թույլ տա նրան սինթեզել և արտազատել այդ նոր սպիտակուցը։
Հետագա փորձարկումների համար գիտնականները որպես մոդել ընտրել են համստերներին և նրանց վարակել փոփոխված մակաբույծով։ Կենդանիների օրգանիզմ է ներմուծվել 80-ից 100 թրթուր։ Որդերի հասունացմանը զուգընթաց՝ դրանք սկսել են հակամարմիններ արտադրել և արտազատել տիրոջ արյան հոսքի մեջ։ Արյան անալիզները ցույց են տվել, որ ստացված նյութերը լաբորատոր պայմաններում ունակ են մասնակիորեն չեզոքացնել ֆուգու ձկան մահացու թույնը։
Հետազոտության հիմնական գաղափարն է՝ մակաբույծին վերածել յուրօրինակ «դեղերի ներքին արտադրամասի»։ Ծնկաորդերն էվոլյուցիայի ընթացքում հիանալիորեն հարմարվել են աղիքներում երկարատև գոյությանը. դրա համար նրանք արտազատում են բազմաթիվ մոլեկուլներ, որոնք ճնշում են տիրոջ իմունային համակարգն ու ապահովում իրենց գոյատևումը։ Գիտնականներն օգտագործել են հենց այս մեխանիզմը՝ դրան ավելացնելով ևս մեկ գործառույթ՝ բուժիչ սպիտակուցների արտադրությունը։
Աշխատության հեղինակները նշում են, որ այս հարթակը պոտենցիալ հնարավորություններ ունի և կարող է կիրառվել ոչ միայն հակաթույն ստանալու համար։ Տեսականորեն մակաբույծներին կարելի է այնպես ձևափոխել, որ նրանք մոլեկուլներ արտադրեն քրոնիկ հիվանդությունների բուժման համար, ներառյալ՝ աղիքների բորբոքային հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները և նույնիսկ 2-րդ տիպի դիաբետը։ Քննարկվում են նաև հիպոթետիկ սցենարներ, որոնց դեպքում այս օրգանիզմները կարող են նյութեր արտազատել սննդային ալերգիաների ժամանակ օրգանիզմի զգայունությունը աստիճանաբար նվազեցնելու համար։
Այդուհանդերձ, հետազոտողներն իրենք էլ ընդունում են, որ գաղափարն առաջին հայացքից տարօրինակ ու հակասական է հնչում. բուժման նպատակով մարդուն գիտակցաբար վարակել մակաբույծով։
Այնուամենայնիվ, ծնկաորդերն ունեն համեմատաբար կանխատեսելի կենսական փուլ և օրգանիզմի ներսում անվերահսկելիորեն բազմանալու սահմանափակ հնարավորություն, իսկ հենց վարակը կարելի է արագորեն վերացնել ստանդարտ հակամակաբուծային դեղամիջոցներով։
Ըստ էության, սա դեղամիջոցների մատակարարման նոր ձև ստեղծելու փորձ է՝ ոչ թե հաբերի կամ ներարկումների, այլ կենդանի օրգանիզմի միջոցով, որն ինքնուրույն է արտադրում պացիենտի մարմնի ներսում առկա բուժիչ մոլեկուլները։






