Կարոլինյան ինստիտուտի գիտնականների նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Sleep Advances բժշկագիտական հանդեսում, մի ուշագրավ հակասություն է բացահայտել. կանանց տղամարդկանցից ավելի հաճախ է թվում, թե վատ են քնում, մինչդեռ օբյեկտիվ տվյալները հակառակն են փաստում։

Հետազոտությանը մասնակցել է Շվեդիայի 29-85 տարեկան 476 բնակիչ՝ հավասարապես տղամարդիկ և կանայք։ Մեկ գիշերվա ընթացքում նրանց քունն ուսումնասիրվել է պոլիսոմնոգրաֆիայի միջոցով. եղանակ, որը գրանցում է ուղեղի ակտիվությունը, շնչառությունը և շարժումները քնած ժամանակ։ Հաջորդ առավոտյան մասնակիցներն ինքնուրույն գնահատել են իրենց քնի որակը։

Արդյունքներն անսպասելի են եղել։ Չնայած այն հանգամանքին, որ կանայք ավելի հաճախ են դժգոհել վատ քնից, սարքերը գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով ցույց են տվել, որ նրանք միջինում տղամարդկանցից ավելի լավ են քնել։

Կանանց գիշերային արթնացումներն ավելի քիչ են եղել, նրանք ավելի երկար են քնել, ավելի շատ ժամանակ են անցկացրել խոր քնի փուլում և ավելի արդյունավետ են օգտագործել անկողնում անցկացրած ժամանակը։ Այլ կերպ ասած՝ ֆիզիոլոգիական տեսանկյունից նրանց քունն ավելի որակյալ է եղել։

Գիտնականները գտել են այս պարադոքսի հնարավոր բացատրությունը։ Պարզվել է, որ կանայք շատ ավելի ճշգրիտ են հիշում իրենց գիշերային արթնացումները։ Իսկ տղամարդիկ հաճախ պարզապես չեն նկատում կամ չեն հիշում արթուն մնալու կարճատև դրվագները։

Օրինակ՝ եթե տղամարդն արթնացել է մի քանի վայրկյանով կամ րոպեով, նա սովորաբար շարունակել է կարծել, թե ամբողջ գիշեր լավ է քնել։ Կանայք, ընդհակառակը, ավելի հաճախ են նկատել նույնիսկ կարճատև արթնացումները և հաշվի առել դրանք քնի որակը գնահատելիս։

Երբ հետազոտողները վերլուծությունից բացառել են նման կարճ, գրեթե աննկատ արթնացումներ ունեցող տղամարդկանց, քնի սուբյեկտիվ գնահատականի տարբերությունները տղամարդկանց և կանանց միջև գրեթե անհետացել են։

Հետազոտության ղեկավար Թորբյորն Օկերստեդտի բնորոշմամբ՝ տղամարդկանց շրջանում քնի ավելի դրական ընկալումը կարող է կապված լինել հենց այն հանգամանքի հետ, որ նրանք ավելի վատ են հիշում գիշերային կարճ արթնացումները։ Թե ինչու է սեռերի միջև նման տարբերություն գոյություն ունի, դեռևս հայտնի չէ։

Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ տարիքի հետ տարբերություններն էլ ավելի նկատելի են դառնում։ Տարեց տղամարդկանց շրջանում վատանում է խոր քնի որակը և մեծանում գիշերային արթնացումների քանակը։ Կանանց շրջանում ևս տեղի են ունենում տարիքային փոփոխություններ, սակայն դրանք ավելի թույլ են արտահայտված։ Այդուհանդերձ, նույնիսկ տարեց հասակում կանայք շարունակում են ավելի հաճախ իրենց քունն անբավարար գնահատել։