Լեյդենի համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները հայտնաբերել են հազվագյուտ գենետիկական առանձնահատկություն, որը կարող է կապված լինել ոչ միայն պարզապես երկար ապրելու, այլև առողջությունն ավելի երկար պահպանելու հետ, գրում է News Medical Live Sciences-ը:
Գիտնականներին հետաքրքրում է ոչ միայն կյանքի տևողությունը, այլև այսպես կոչված «առողջ կյանքի տևողությունը»՝ այն ժամանակահատվածը, երբ մարդը դեռ ակտիվ է և չի տառապում լուրջ քրոնիկական հիվանդություններով։
Հայտնի է, որ երկարակեցությունը հաճախ փոխանցվում է ժառանգաբար։ Երկարակյացների ընտանիքների անդամները սովորաբար ավելի ուշ են բախվում սրտանոթային հիվանդությունների, դիաբետի և տարիքային այլ խնդիրների հետ։ Այնուամենայնիվ, այս ազդեցության համար պատասխանատու կոնկրետ գեները դեռևս քիչ են ուսումնասիրված։
Ի տարբերություն նախորդ հետազոտությունների մեծ մասի՝ գիտնականները որոշել են ուսումնասիրել ոչ թե առանձին երկարակյացների, այլ ամբողջական ընտանիքներ, որտեղ շատ ազգականներ անսովոր երկար կյանք են ունեցել։
Ավելի վաղ այս նույն գիտական խումբը ցույց էր տվել, որ երկարակյացների զավակները սրտանոթային և նյութափոխանակության հիվանդություններով հիվանդանում են միջինում 13 տարի ավելի ուշ, քան սովորական ընտանիքների նրանց հասակակիցները։
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան երկու հարյուր երկարակյաց ընտանիքների գենոմները։ Նախ նրանք տասնյակ հազարավոր գեներից ընտրել են մի քանի հարյուր ամենահեռանկարային թեկնածուներին՝ նեղացնելով որոնման շրջանակը։ Արդյունքում հայտնաբերվել է 12 հազվագյուտ գենետիկական տարբերակ, որոնք պոտենցիալ կերպով կարող են կապված լինել երկարակեցության հետ։
Առանձնահատուկ ուշադրության է արժանացել CGAS գենը։
Այս գենը կարևոր դեր է խաղում իմունային համակարգի գործունեության մեջ։ Այն օգնում է օրգանիզմին ճանաչել վիրուսային վարակներն ու բջիջների վնասվածքները՝ գործարկելով բորբոքային ռեակցիա։
Այնուամենայնիվ, բորբոքումը երկսայրի սուր է։ Եթե այն չափից քիչ է, օրգանիզմն ավելի վատ է պայքարում վարակների դեմ, իսկ եթե չափից շատ է, քրոնիկական բորբոքումն ինքն է սկսում վնասել հյուսվածքները և արագացնել ծերացումը։
Գիտնականները պարզել են, որ երկարակյացների ընտանիքների որոշ անդամների մոտ CGAS գենի պատճեններից մեկն ավելի թույլ է գործել։ Ըստ նրանց՝ սա կարող է հանգեցնել ավելի չափավոր բորբոքային ռեակցիայի. այն բավականաչափ ուժեղ է օրգանիզմը պաշտպանելու համար, բայց ոչ այնքան ագրեսիվ, որ ավելորդ վնասներ հասցնի։
Թերևս հենց այսպիսի հավասարակշռությունն էլ օգնում է մարդկանց ավելի երկար պահպանել առողջությունն ու խուսափել տարիքային հիվանդություններից։
Գիտնականներին հատկապես հետաքրքրել է այն փաստը, որ լաբորատոր փորձարկումների ժամանակ այս մուտացիայի ազդեցությունը բավականին ակնառու է եղել։
Հաջորդ փուլում հետազոտություններ կանցկացվեն արդեն կենդանի օրգանիզմների վրա։ Այդ նպատակով գիտնականները մտադիր են օգտագործել աֆրիկյան կիլիֆիշներին․ սրանք փոքրիկ ձկներ են, որոնք համարվում են մոլորակի ամենակարճակյաց ողնաշարավորներից մեկը։ Նրանց կյանքը տևում է ընդամենը երեքից ինը ամիս, ինչը նրանց հարմար մոդել է դարձնում ծերացման գործընթացներն ուսումնասիրելու համար։
Հետազոտողները մտադիր են հայտնաբերված մուտացիան ներարկել ձկների գենոմի մեջ և ստուգել, թե արդյոք այն ազդում է կյանքի տևողության ու օրգանիզմի տարբեր հյուսվածքների վիճակի վրա։
Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ «երկարակեցության գենի» ստեղծման մասին խոսելն առայժմ վաղ է։ Այդուհանդերձ, հետազոտության արդյունքներն օգնում են ավելի լավ հասկանալ ծերացման մեխանիզմները և ապագայում կարող են հիմք դառնալ տարիքային հիվանդությունների կանխարգելման նոր մեթոդների մշակման համար։






