Գիտնականները հուսադրող արդյունքներ են հրապարակել միջազգային խոշոր կլինիկական հետազոտությունից, որն իրականացվել է բազմակի միելոմայով՝ արյան ծանր օնկոլոգիական հիվանդությամբ տառապող այն պացիենտների շրջանում, ում մոտ հիվանդությունը կրկնվող է կամ ռեզիստենտակայուն:
Ուշադրության կենտրոնում է հայտնվել «Մեզիգդոմիդ» փորձարարական դեղամիջոցը, որը կիրառվել է արդեն իսկ ընդունված «Կարֆիլզոմիբ» և «Դեքսամեթազոն» դեղերի հետ համակցված ձևով:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում, ցույց է տվել, որ այս համակցումը թույլ է տալիս հիվանդությունը զգալիորեն ավելի երկար վերահսկել, քան բուժման ստանդարտ սխեման:
SUCCESSOR-2 կլինիկական հետազոտության III փուլին մասնակցել է 479 պացիենտ, որոնց մոտ միելոման նախորդ բուժումից հետո կա՛մ կրկնվել էր, կա՛մ դադարել էր արձագանքել դրան: Նրանցից շատերն արդեն անցել էին թերապիայի մի քանի կուրս և հետագա բուժման սահմանափակ հնարավորություններ են ունեցել:
Արդյունքները բավականին տպավորիչ են. նոր՝ եռակի համակցումը ստացած պացիենտների շրջանում հիվանդության առաջացման կամ պրոգրեսիայի միջին ժամանակահատվածը կազմել է 18 ամիս, մինչդեռ ստանդարտ բուժում ստացողների խմբում այս ցուցանիշն ընդամենը 8,3 ամիս է։ Այլ խոսքով՝ նոր թերապիան ավելի քան կրկնապատկել է հիվանդության վերահսկման ժամանակահատվածը։
Բացի այդ, այս բուժումը 52%-ով նվազեցրել է հիվանդության խորացման կամ մահվան ռիսկը։ Պացիենտների ավելի քան 80%-ը դրական է արձագանքել թերապիային, իսկ մոտավորապես ամեն չորրորդի մոտ հիվանդության նշաններն ընդհանրապես դադարել են հայտնաբերվել հետազոտության ժամանակակից մեթոդներով։
«Մեզիգդոմիդը» պատկանում է իմունամոդուլացնող դեղամիջոցների նոր սերնդին։ Այն օգնում է իմունային համակարգին ավելի արդյունավետորեն ճանաչել և ոչնչացնել միելոմայի բջիջները։ Այս թերապիան ավելի հարմարավետ է պացիենտների համար, քանի որ «Մեզիգդոմիդն» ընդունվում է հաբերով, մինչդեռ ներկայումս կիրառվող շատ մեթոդներ պահանջում են ներերակային միջամտություն:
Կողմնակի ազդեցություններն ավելի հաճախ են հանդիպել, քան ստանդարտ բուժման դեպքում․ դա հիմնականում պայմանավորված է եղել արյան որոշ բջիջների մակարդակի նվազմամբ և վարակների առաջացման բարձր ռիսկով։ Այդուհանդերձ, հետազոտողները նշում են, որ այս բարդությունները մեծ մասամբ եղել են վերահսկելի և լավ են ենթարկվել բուժման:
Աշխատության հեղինակների կարծիքով՝ ստացված տվյալները կարող են հիմք դառնալ կրկնվող բազմակի միելոմայով պացիենտների բուժման նոր ստանդարտի ներդրման համար, հատկապես եթե հետագա դիտարկումները հաստատեն կյանքի ընդհանուր տևողության վրա այս թերապիայի ազդեցությունը։






