Մոնաշի համալսարանի հետազոտողները սկսել են Ավստրալիայում առաջին կլինիկական փորձարկումը, որով ստուգվում է՝ ի վիճակի՞ է արդյոք սնկերի որոշ տեսակներում պարունակող հոգեակտիվ միացությունը՝ պսիլոցիբինն օգնել ուղեղի ցնցման երկարատև հետևանքներ ունեցող մարդկանց։
Խոսքը պերսիստենտային (կայուն) կոչվող հետցնցումային ախտանիշներով վիճակի մասին է։ Դրանք առաջանում են գլխի թեթև վնասվածքից հետո և կարող են պահպանվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Բուժառուների զգալի մասի մոտ այս հետևանքները ներառում են խրոնիկական գլխացավեր, գլխապտույտ, քնի խանգարումներ, գրգռվածություն և ճանաչողական խնդիրներ։
Առայսօր այս վիճակի բուժման արդյունավետ եղանակները խիստ սակավ են, ուստի հետաքրքրությունը նոր մոտեցումների հանդեպ աճում է։ Գիտնականները ենթադրում են, որ պսիլոցիբինն ի վիճակի է ազդել ոչ միայն ախտանիշների, այլև վնասվածքից հետո ուղեղի վնասման կենսաբանական մեխանիզմների վրա։
Ըստ Cell Reports Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված նախնական հետազոտությունների տվյալների՝ նյութի մեկ բարձր չափաբաժինը փորձարարական մոդելներում նվազեցրել է ուղեղի վնասմանն առնչվող ախտանիշների արտահայտվածությունը։ Դա հիմք է ծառայել մարդկանց վրա կլինիկական փորձարկումներին անցնելու համար։
Նոր հետազոտությանը, որը կիրականացվի երեք տարվա ընթացքում Մելբուռնում, կմասնակցեն բուժառուներ, որոնց ախտանիշները պահպանվում են ուղեղի ցնցումից հետո առնվազն վեց ամիս։ Դա երկրում առաջին պատահականացված, կրկնակի կույր հետազոտությունն է՝ ակտիվ պլացեբոյի կիրառմամբ, որը նվիրված է նման խանգարումների դեպքում պսիլոցիբինի օժանդակությամբ իրականացվող թերապիային։
Գիտնականները նախատեսում են գնահատել ոչ միայն կլինիկական բարելավումները, այլև ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները՝ ուղեղի պատկերման և արյան բիոմարկերների հետազոտության միջոցով։ Մասնավորապես, հետազոտվում է այն վարկածը, որ պսիլոցիբինն ի վիճակի է նվազեցնել նեյրոբորբոքումը և ուժեղացնել նեյրոպլաստիկությունը՝ նոր կապեր ձևավորելու ուղեղի ունակությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թերապևտիկ գործընթացին. մասնակիցներն անցնելու են նախապատրաստում, ուղեկցում սեանսի ժամանակ և փորձի հետագա հոգեբանական ինտեգրում՝ մասնագետների հսկողության ներքո։
Հետազոտողները նշել են, որ եթե ազդեցությունը պահպանվի բուժումից հետո թեկուզ մի քանի ամիս, դա կարող է լրջագույն բեկում դառնալ հետցնցումային համախտանիշի թերապիայում, որի համար ներկայում գրեթե արդյունավետ լուծումներ չկան։






