Հոտառության և համի կորուստը հաճախ ընկալվում է որպես համեմատաբար աննշան խնդիր: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ նման խանգարումների հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել, քան ընդունված է կարծել: Clinical Otolaryngology ամսագրում հրապարակված աշխատության համաձայն՝ հոտերն ու համերը զգալու կարողության կորուստը հաճախ հանգեցնում է հոգեբանական տառապանքների այնպիսի մակարդակի, որը համադրելի է ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց ապրումների հետ:
Հետազոտողները վերլուծել են տասնյակ գիտական աշխատությունների արդյունքներ, որոնցում համեմատվել են տարբեր հիվանդություններ (դիաբետից ու ասթմայից մինչև սրտային անբավարարություն, ինսուլտ և շնչառական համակարգի քրոնիկական հիվանդություններ) ունեցող պացիենտների կյանքի որակի ցուցանիշները:
Հետազոտության ղեկավար, Արևելյան Անգլիայի համալսարանի Նորիջի բժշկական դպրոցի պրոֆեսոր Կառլ Ֆիլպոտը նշել է, որ հոտառության և համի խանգարումները առաջացնում են ակնհայտ հուզական, սոցիալական և հոգեբանական խնդիրներ, որոնք հաճախ նույնքան լուրջ են լինում, որքան ավանդաբար հաշմանդամություն առաջացնող համարվող հիվանդությունների հետևանքները:
Պացիենտները հայտնել են ուտելիքից հաճույք ստանալու կորստի, շփման մեջ առաջացած դժվարությունների, սեփական անվտանգության համար մշտական տագնապի և հուզական դատարկության զգացման մասին: Հատկապես հաճախ են հանդիպել դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը:
Շատերի համար հոտերի անհետացումը նշանակում է հրդեհի ժամանակ ծուխը, գազի արտահոսքը կամ փչացած մթերքը չզգալու անհնարինություն, ինչն անպաշտպանվածության լրացուցիչ զգացում է ստեղծում:
Գիտնականներն ընդգծում են, որ հոտառության կորուստն ազդում է նաև համի ընկալման վրա. այն ամենը, ինչ մարդը համարում է կերակրի համ, մեծ մասամբ կապված է հենց հոտերի հետ:
Այդ պատճառով հոտառության կորստից հետո սովորական տեսք ունեցող ուտեստները կարող են անհամ թվալ, մետաղական համ ունենալ կամ նույնիսկ զզվանք առաջացնել։ Որոշ մարդիկ ախորժակի անկման պատճառով սկսում են քաշ կորցնել, իսկ մյուսները, ընդհակառակը, չափից շատ են ուտում՝ փորձելով զգայությունների պակասը լրացնել ավելի քաղցր կամ կծու սննդով։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հոտառության և համի խանգարումներն ազդում են առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Դրանք փոխում են ընտանեկան ընթրիքների, տոների, ընկերների հետ հանդիպումների և սոցիալական այլ ծեսերի հանդեպ
Աշխատության հեղինակների խոսքով՝ խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ շատ բժիշկներ շարունակում են նման ախտանիշները դիտարկել որպես ժամանակավոր անհարմարություն, թեև պացիենտների մի մասի մոտ դրանք պահպանվում են տարիներով։ Մասնագիտացված կլինիկաները քիչ են, իսկ բուժման հնարավորությունները մնում են սահմանափակ։
COVID-19 համավարակը հանրության ուշադրությունը է հրավիրել այս խնդրի վրա, քանի որ միլիոնավոր մարդիկ բախվել են անոսմիայի (հոտառության լրիվ կորուստ) և ագևզիայի (համի կորուստ) հետ։ Որոշ պացիենտներ արդյունքում բախվել են պարոսմիայի հետ. մի վիճակ, երբ սովորական հոտերը սկսում են ընկալվել որպես տհաճ կամ նույնիսկ գարշելի։ Այնուամենայնիվ, հետազոտողներն ընդգծում են, որ կորոնավիրուսը միայն տեսանելի է դարձրել մի խնդիր, որը գոյություն է ունեցել համավարակից դեռ շատ առաջ։
Հեղինակները բժշկական հանրությանը կոչ են անում ավելի լուրջ մոտենալ հոտառության և համի խանգարումներին, ընդլայնել մասնագիտացված օգնության հասանելիությունը և ավելի ակտիվ ներդրումներ կատարել բուժման մեթոդների մշակման մեջ։ Նրանց կարծիքով՝ խոսքը ոչ թե հարմարավետության, այլ մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության կարևոր բաղադրիչի մասին է։






