Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են General Psychiatry բժշկագիտական հանդեսում, հնարավոր փոխադարձ կապ է բացահայտել ցերեկային լուսավորության մակարդակի և դեմենցիայի զարգացման վտանգի միջև։ Ըստ գիտական աշխատանքի տվյալների՝ ցերեկային լույսի ավելի բարձր ազդեցությունը  զուգորդվում է այս նեյրոդեգեներատիվ հիվանդության զարգացման ավելի ցածր հավանականության հետ։

Հետազոտությանը մասնակցել է 87 հազար 577 մարդ, որոնք դաստակին կրել են աքսելերոմետրեր, և որոնք արձանագրել են լուսավորության մակարդակը օրվա ընթացքում։ Դիտարկման մեդիան ժամանակահատվածում, որը կազմել է 8,1 տարի, դեմենցիա է ախտորոշվել 741 մասնակցի շրջանում։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ցերեկային լուսավորության միջին մակարդակը 1000 լյուքսից բարձր լինելը, ինչը համապատասխանում է, օրինակ, դրսում պայծառ ամպամած օրվան, կապված է եղել դեմենցիայի վտանգի մոտ 16% նվազման հետ։ Պայծառ ցերեկային լույսի ներքո (5000 լյուքս և բարձր) ավելի երկարատև գտնվելը էլ ավելի արտահայտված պաշտպանիչ ազդեցություն է ցուցադրել։

Հետազոտողներն առանձնահատուկ նշել են, որ պայծառ ցերեկային լուսավորության պայմաններում օրական 0,7 ժամից պակաս անցկացնելը դեմենցիայի վտանգի ավելի ուժեղ կանխատեսող է ծառայել, քան այդ հիվանդության ավանդաբար ընդունված վեց ռիսկի գործոնները։ Միևնույն ժամանակ, գիշերային լուսավորության մակարդակը զգալի կապ չի ցուցադրել դեմենցիայի զարգացման հետ։

Հետազոտության համահեղինակ, Գուանչժոուի բժշկական համալսարանի գիտաշխատող Հունլյան Ֆենի գնահատմամբ՝ ցերեկային լուսավորությունը կարող է դիտարկվել որպես ճանաչողական խանգարումների և դեմենցիայի վտանգի նոր հավանական մարկեր։

Այս կապի մեխանիզմները դեռևս վերջնականապես պարզ չեն, սակայն գիտնականները ենթադրում են, որ լույսը կարող է ազդել ցիրկադային ռիթմերի, քնի կարգավորման, մետաբոլիկ գործընթացների և բորբոքային ռեակցիաների վրա. այս բոլոր գործոնները նախկինում արդեն կապվել են ճանաչողական առողջության հետ։