UT Southwestern բժշկական կենտրոնի գիտնականների անցկացրած փոքրածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ չափավոր ֆինանսական օգնությունը կարող է նպաստել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ցածր եկամուտ ունեցող և սրտային անբավարարությամբ տառապող բուժառուների՝ դեղորայքային թերապիայի ավելի խիստ պահպանմանը:

Journal of the American College of Cardiology բժշկագիտական հանդեսում հրապարակված աշխատանքն ընդգրկել է Parkland Memorial Hospital հիվանդանոցի 153 բուժառուների, որոնք վերջերս հոսպիտալացվել էին սրտային անբավարարության պատճառով: Դուրսգրումից հետո երկու շաբաթվա ընթացքում մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբի. մեկը ստացել է ստանդարտ բժշկական հսկողություն, իսկ մյուսը՝ լրացուցիչ 500 դոլարի չափով միանվագ վճարում:

Մեկ ամիս անց դիտարկումն ավարտել է 140 բուժառու։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ֆինանսական աջակցություն ստացած անձինք զգալիորեն ավելի կանոնավոր են ընդունել նշանակված դեղամիջոցները։ Բուժմանը հավատարմության մակարդակն այս խմբում՝ միայն ստանդարտ խնամք ստացող բուժառուների համեմատ մոտ 20%-ով ավելի բարձր է եղել:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ ֆինանսական դժվարությունների վերացումը կարող է դառնալ սրտային անբավարարությունից հետո վերականգնման կարևոր մասը: Ի տարբերություն նախորդ ծրագրերի, որոնք հիմնականում ուղղված էին դեղերի արժեքի փոխհատուցմանը կամ բժշկական օգնության համակարգմանը, մասնակիցները կարող էին ստացված միջոցներն օգտագործել սեփական հայեցողությամբ։ Դա կարող էր նվազեցնել ընդհանուր ֆինանսական սթրեսը, որը հաճախ խանգարում է լիարժեք բուժմանն ու վերականգնմանը:

Միաժամանակ, հետազոտողները խմբերի միջև տարբերություններ չեն հայտնաբերել մի շարք ցուցանիշների, մասնավորապես՝ ախտանիշների արտահայտվածության, կյանքի որակի կամ կրկնակի հոսպիտալացումների հաճախականության մասով:

Հեղինակներն ընդգծում են, որ մասնակիցների փոքր թվի և դիտարկման կարճ ժամանակահատվածի պատճառով արդյունքները պետք է դիտարկել որպես նախնական: Գնահատելու համար, թե արդյոք դրամական վճարումներն ընդունակ են բարելավել երկարաժամկետ կլինիկական արդյունքները, կպահանջվեն ավելի մասշտաբային և տևական հետազոտություններ:

Ստացված տվյալները վկայում են այն աճող գիտակցման մասին, որ սոցիալական և տնտեսական գործոնները կարող են էականորեն ազդել խրոնիկական հիվանդությունները վերահսկելու և նշանակված բուժմանը հետևելու բուժառուների կարողության վրա: