Կալգարիի համալսարանի գիտնականները հայտնել են հաստ աղիքի քաղցկեղի բուժման հարցում պոտենցիալ բեկումնային հայտնագործության մասին. ընդամենը մեկ գենի հեռացումը կարող է ուռուցքային բջիջները «տեսանելի» դարձնել իմունային համակարգի համար և կտրուկ բարձրացնել իմունոթերապիայի արդյունավետությունը:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում, ղեկավարել է Կենսաբանական գիտությունների ամբիոնի և Արնի Շարբոնոյի անվան ուռուցքաբանական ինստիտուտի դոկտոր Արշադ Այյազը:
Հետազոտողների խոսքով՝ իմունոթերապիան, որը «սովորեցնում է» հիվանդի իմունային համակարգին ճանաչել ու ոչնչացնել ուռուցքները, արդեն իսկ բարձր արդյունավետություն է ցուցաբերել քաղցկեղի մի քանի տեսակների դեպքում, սակայն հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների պարագայում այն օգնում է միայն մոտ 15%-ին:
Գիտնականները համեմատել են բուժմանը արձագանքող ուռուցքների գենետիկական առանձնահատկությունները նրանց հետ, որոնք դիմացկուն են մնում, և հայտնաբերել են իմունային պատասխանից «խուսափելու» նախկինում անհայտ մի մեխանիզմ:
Դիմացկուն ուռուցքներում հայտնաբերվել է մի սպիտակուց, որը, ըստ էության, մոլորեցնում է իմունային համակարգին՝ ստիպելով «չնկատել» քաղցկեղը: Հետազոտողները սա նկարագրում են որպես ուռուցքի յուրօրինակ «քողարկում»:
«Մենք մտածեցինք՝ իսկ ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք այդ սպիտակուցի արտադրությունը», — պարզաբանել է Այյազը:
Փորձարկման ընթացքում օգտագործվել են գենետիկորեն ձևափոխված քաղցկեղային բջիջներ: Երբ գիտնականներն «անջատել են» այդ սպիտակուցի սինթեզի համար պատասխանատու գենը, ուռուցքային բջիջները հասանելի են դարձել իմունային համակարգի համար:
Մկների վրա արված փորձերում այս մեթոդի համակցումը իմունոթերապիայի հետ հանգեցրել է ուռուցքների լիարժեք անհետացմանը. արդյունավետության ցուցանիշը կազմել է 100%:
«Սկզբում ինքս էլ չէի հավատում: Ընդամենը մեկ անջատված գեն, և արդյունքն անդրդվելի է», — նշել է հետազոտողը:
Նույնիսկ առանց լրացուցիչ իմունոթերապիայի, ուռուցքները կրճատվում էին, քանի որ կորցնում էին օրգանիզմի բնական իմունային պատասխանից թաքնվելու ունակությունը:
Միևնույն ժամանակ, հեղինակներն ընդգծում են, որ խոսքը դեռևս նախակլինիկական փուլի մասին է: Մինչև բժշկության մեջ կիրառվելը կարող են տարիներ անցնել, սակայն այս մոտեցումը պոտենցիալ առումով կարող է արդյունավետ լինել նաև այլ պինդ ուռուցքների, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի և թոքերի քաղցկեղի բուժման համար:






