Journal of Affective Disorders-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ սկանդինավյան քայլքը (Nordic walking) կարող է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի ախտանիշները և տալ արագ թերապևտիկ արդյունք:

Սկանդինավյան քայլքն աերոբ ակտիվության տեսակ է, որի ժամանակ օգտագործվում են հատուկ հենակներ. դա թույլ է տալիս գործի դնել մարմնի մկանների մինչև 90%-ը: Սկզբնապես մեթոդը մշակվել է Ֆինլանդիայում՝ որպես դահուկորդների ամառային մարզում, սակայն այսօր լայնորեն կիրառվում է որպես ֆիզիկական ակտիվության ինքնուրույն ձև:

Գիտնականներն անցկացրել են ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություն, որին մասնակցել է միջին և ծանր աստիճանի դեպրեսիա ունեցող 64 չափահաս: Մասնակիցները, որոնք նախկինում կանոնավոր չեն մարզվել, բաժանվել են երկու խմբի. 48 հոգի կատարել է սկանդինավյան քայլքի ծրագիրը, իսկ 16-ը կազմել է ստուգիչ խումբը՝ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության:

Ծրագիրը տևել է 10 շաբաթ և ներառել շաբաթական երկու պարապմունք՝ մեկական ժամ տևողությամբ՝ հրահանգչի ղեկավարությամբ: Ինտենսիվությունը վերահսկվել է զարկերակաչափերի օգնությամբ՝ չափավոր աերոբ ծանրաբեռնվածություն պահպանելու համար: Դեպրեսիայի մակարդակը գնահատվել է Beck Depression Inventory-II սանդղակի միջոցով՝ մինչև ծրագրի սկիզբը, կեսին և ավարտին:

Արդյունքները ցույց են տվել դեպրեսիվ ախտանիշների զգալի նվազում քայլքով զբաղվող մասնակիցների մոտ՝ ստուգիչ խմբի համեմատ: Հատկապես նկատելի բարելավումներ են արձանագրվել արդեն առաջին հինգ շաբաթվա ընթացքում, ընդ որում՝ ամենաարագ առաջընթացը նկատվել է դեպրեսիայի ծանր ձև ունեցող մասնակիցների մոտ:

10-շաբաթյա ժամանակահատվածի ավարտին մասնակիցների 35%-ից մինչև 53,6%-ը հասել է ռեմիսիայի, այսինքն՝ նրանց ախտանիշները նվազել են դեպրեսիայի կլինիկական շեմից: Ծրագիրը չի ուղեկցվել վնասվածքներով կամ լուրջ կողմնակի ազդեցություններով:

Հեղինակներն ընդգծում են, որ ֆիզիկական ակտիվությունը, հատկապես աերոբը, կարող է դիտարկվել որպես դեպրեսիայի թերապիայի արդյունավետ և հասանելի լրացում՝ դեղորայքային և հոգեբանական բուժմանը զուգահեռ:

Ստացված տվյալները նաև փաստում են, որ դրական ազդեցությունը կարող է դրսևորվել ավելի արագ, քան ենթադրում են գոյություն ունեցող կլինիկական ուղեցույցները:

Հետազոտողներն առաջարկում են նմանատիպ ծրագրերը դիտարկել որպես հանրային առողջապահության համակարգի մաս՝ ներառելով դրանց ֆինանսավորումը համայնքային և պետական նախաձեռնություններում՝ հոգեկան առողջության ոլորտում: