Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ արհեստական բանականության հիմքով հանրահայտ չատբոտերը հաճախ հակասական, իսկ երբեմն էլ՝ պոտենցիալ մոլորեցնող տեղեկություններ են տրամադրում ալկոհոլի օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի միջև առկա կապի մասին։ Սա մտահոգություն է առաջացնում այն ֆոնին, որ բժշկական տեղեկատվություն փնտրելու համար նմանատիպ համակարգերի կիրառումը գնալով ընդլայնվում է։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Տեխասի Սան Անտոնիոյում ընթացող «Research Society on Alcohol»-ի 49-րդ ամենամյա գիտական կոնֆերանսի ժամանակ, իսկ աշխատանքի մի մասը հրապարակվել է «Public Health» ամսագրում։
Աշխատանքի առաջատար հեղինակ Էլիսոն Բրանդտ Անբարիի խոսքով՝ ալկոհոլի օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի կապի մասին բնակչության իրազեկվածության մակարդակը դեռևս համեմատաբար ցածր է, չնայած այն փաստին, որ դեռևս 1988 թվականին ալկոհոլը դասվել է առաջին խմբի քաղցկեղածինների շարքին։ Միևնույն ժամանակ, ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում ԱԲ չատբոտերին բժշկական տեղեկատվություն ստանալու համար, ինչն էլ առանձնահատուկ կարևոր է դարձնում պատասխանների ճշգրտության հարցը։
Պատասխանների որակը գնահատելու համար հետազոտողներն օգտագործել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և Կրծքի քաղցկեղի ազգային հիմնադրամի կայքերում տեղադրված հարցերը։ Թեև հարցերը վերաբերել են նույն թեմային, դրանք ձևակերպված են եղել տարբեր կերպ, օրինակ՝ «Կարո՞ղ է արդյոք ալկոհոլը կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել», «Ինչո՞ւ է ալկոհոլը քաղցկեղ առաջացնում» և «Ինչպե՞ս է ալկոհոլը կրծքագեղձի քաղցկեղ առաջացնում»։
Այս հարցումներն ուղղվել են 22 տարբեր հանրամատչելի ԱԲ համակարգերի, այդ թվում՝ ChatGPT-ին, Gemini-ին և Microsoft Copilot-ին։ Ընդհանուր առմամբ վերլուծվել է 66 պատասխան։
Հետազոտությունը հանգել է երեք հիմնական եզրակացության.
Առաջին՝ չատբոտերի պատասխանները զգալիորեն տարբերվել են ինչպես բովանդակությամբ, այնպես էլ տեղեկատվության մատուցման ոճով։ Որոշ համակարգեր նշել են, թե ալկոհոլի և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապը դեռևս անորոշ է կամ բավարար չափով ուսումնասիրված չէ՝ չնայած գիտական համոզիչ տվյալների առկայությանը, որոնք ապացուցում են, որ ալկոհոլն այս հիվանդության զարգացման ռիսկի գործոն է։ Հեղինակները նման պատասխանները կասկածելի են համարում։
Երկրորդ՝ պատասխանների մեծ մասի բարդության մակարդակը համապատասխանել է համալսարանական կրթությանը։ Տեղեկատվությունը հաճախ գերբեռնված է եղել մասնագիտական տերմինաբանությամբ և գերազանցել է լայն լսարանի համար առաջարկվող ընկալման մակարդակը։
Երրորդ՝ պատասխանի բովանդակության վրա զգալի ազդեցություն է ունեցել հենց հարցման ձևակերպումը։ Նույնիսկ հարցի չնչին փոփոխությունները հանգեցրել են գեներացվող տեղեկատվության նկատելի տարբերությունների։ Ըստ հետազոտողների՝ սա ընդգծում է ոչ միայն բժշկական ու թվային գրագիտության, այլև այսպես կոչված «հարցումների կազմման գրագիտության» կարևորությունը։
Հեղինակները շեշտում են, որ ստացված արդյունքները լուրջ հարցեր են առաջացնում հանրային առողջապահության ոլորտում։ Բժշկական աշխատողներն ու որոշումներ կայացնող մասնագետները պետք է հաշվի առնեն ԱԲ համակարգերի պատասխանների փոփոխականությունը և պատրաստ լինեն պացիենտներին պարզաբանել չատբոտերից ստացված թերի, անճիշտ կամ մոլորեցնող տեղեկատվությունը։






