Nature Climate Change ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակներին աշխարհի բազմաթիվ տարածաշրջանների բնակիչներ բախվում են վտանգավոր շոգի շատ ավելի երկարատև փուլերի հետ։ Որոշ երկրներում ջերմային սթրեսի շրջանը երկարել է մեկից երկու ամսով, իսկ այն գոտիները, որոնք նախկինում գրեթե չէին տուժում ծայրահեղ շոգից, այժմ ավելի ու ավելի հաճախ են զգում դրա հետևանքները։
Գիտնականները պարզել են, որ վերջին 60 տարում կտրուկ բարձրացել է ոչ միայն օդի ջերմաստիճանը, այլև այսպես կոչված «զգացվող ջերմաստիճանը»՝ ցուցանիշ, որը հաշվի է առնում խոնավության, քամու և այլ գործոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Հենց այս պարամետրն է թույլ տալիս ավելի լավ հասկանալ, թե իրական պայմաններում մարդը որքան ծանր է տանում տապը։
Ռիսկերը գնահատելու համար հետազոտողները կիրառել են Ջերմային կլիմայի համընդհանուր ինդեքսը, որը մոդելավորում է մարդու օրգանիզմի արձագանքը շրջակա միջավայրին։ Այս մոտեցումը փաստում է, որ վտանգավոր է ոչ միայն բարձր ջերմաստիճանը, այլև խոնավության հետ դրա համադրությունը։ Երբ օդը հագեցած է խոնավությամբ, քրտինքն ավելի դանդաղ է գոլորշիանում, ինչի հետևանքով օրգանիզմի հովացման բնական մեխանիզմն ավելի վատ է աշխատում։ Հենց այդ պատճառով էլ խոնավ շոգ ալիքները հաճախ ավելի վտանգավոր են լինում, քան չոր տապը։
Առավել նկատելի փոփոխություններ են արձանագրվել Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում և Միջերկրածովյան տարածաշրջանում։ Նամիբիայի, Անգոլայի, Տանզանիայի, Քենիայի, Ուգանդայի, Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի երկրների առանձին շրջաններում ուժեղ ջերմային սթրեսով օրերի քանակը 1970-ականների համեմատ ավելացել է տարեկան մոտ 50-ով։
Նույնքան մտահոգիչ է Հարավային Եվրոպայում տիրող իրավիճակը։ Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի և Թուրքիայի որոշ շրջաններում անոմալ շոգ օրերի թիվն ավելացել է տարեկան գրեթե 40-ով։ Միջերկրածովյան շատ վայրերում մարդիկ այսօր բախվում են ծայրահեղ շոգի լրացուցիչ գրեթե մեկ ամսվա՝ կես դար առաջվա պատկերի համեմատ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկրի զգալի մասն ամեն տարի առնվազն երկու շաբաթով ավելի է երկար է գտնվում ջերմային սթրեսի պայմաններում, իսկ հարավային նահանգներում, ինչպիսիք են Տեխասն ու Ֆլորիդան, չափազանց շոգ օրերի թիվն ավելացել է ավելի քան երեք շաբաթով։
Հետազոտողներն ընդգծում են, որ խնդիրը միայն տաք օրերի քանակի աճը չէ։ Ջերմային սթրեսի շրջանները երկարում են և սկսվում ավելի վաղ։ Ավելին՝ վտանգավոր տապը տարածվում է այնպիսի տարածաշրջաններում, որտեղ նախկինում նման պայմաններ գրեթե չկային։
«Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչպես է ջերմային սթրեսը ոչ միայն ուժգնանում այն վայրերում, որոնք մենք ավանդաբար շոգ ենք համարում, այլև պատում է այնպիսի տարածաշրջաններ, որտեղ նախկինում հազվադեպ էր լինում կամ ընդհանրապես բացակայում էր»,— նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների եվրոպական կենտրոնի ներկայացուցիչ Ռեբեկա Էմերթոնը։
Մասնագետների շրջանում առանձնակի տագնապ են առաջացնում գիշերային ջերմաստիճանները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենատաք գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ամենաշոգ օրերը։ Տարվա տասն ամենատաք գիշերների ջերմաստիճանի միջին աճը մեկ տասնամյակում կազմում է մոտ 0,32 աստիճան ըստ Ցելսիուսի, մինչդեռ ամենաշոգ օրերի համար այդ ցուցանիշը 0,27 աստիճան է։
Սա նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ ցերեկային տապից հետո ավելի վատ են վերականգնվում։ Գիշերային ժամերը, որոնք նախկինում զովություն ու թեթևացում էին բերում, դառնում են ավելի տաք՝ մեծացնելով օրգանիզմի ծանրաբեռնվածությունը։
Հեղինակների գնահատմամբ՝ այսօր առնվազն մեկ միլիարդով ավելի մարդ է տարեկան գոնե մեկ օր բախվում ծայրահեղ ջերմային սթրեսի (1970-ականների համեմատ)։
Գիտնականները շեշտում են, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի նրանից, թե մարդկությունն որքանով հաջողությամբ կկրճատի ջերմոցային գազերի արտանետումները և կհարմարվի կլիմայական նոր պայմաններին։
Անհրաժեշտ միջոցառումների թվում նշվում են վաղ ազդարարման համակարգերը, բնակչությանը շոգից պաշտպանելու ծրագրերը և կլիմայական ռիսկերի ավելի արդյունավետ գնահատումը։






