Էդիթ Քոուենի համալսարանի նոր հետազոտությունը կարևոր կապ է բացահայտել գենետիկայի և քնի սովորությունների միջև։ Այդ կապը կարող է ազդել Ալցհեյմերի հիվանդության հետ առնչվող ուղեղի վաղ փոփոխությունների վրա՝ կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց դեռ շատ առաջ։

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Alzheimer’s & Dementia» ամսագրում։

Գիտնականները կենտրոնացել են AQP4 (ակվապորին-4) գենի վրա, որը կարգավորում է ուղեղում հեղուկի շարժը։ Այս մեխանիզմը կապված է ուղեղի այսպես կոչված «մաքրող համակարգի» հետ, որն ամենաակտիվն է քնած ժամանակ։ Ինչպես համարվում է, այն օգնում է հեռացնել այն սպիտակուցները, որոնք նպաստում են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի զարգացմանը։

Հետազոտողները վերլուծել են AQP4 գենի 13 տարածված տարբերակ, մասնակիցների քնի ռեժիմի տվյալները, ուղեղի ՄՌՏ սկանավորման արդյունքներն ու ճանաչողական ֆունկցիաների ցուցանիշները։ Պարզվել է, որ քնի ազդեցությունն ուղեղի վրա կարող է էականորեն կախված լինել գենետիկական տարբերակից։

AQP4-ի որոշակի տարբերակներ ունեցող մարդկանց մոտ քնի կարճ տևողությունը կապված է եղել ուղեղի գորշ նյութի ծավալի ավելի արագ նվազման հետ։ Իսկ մյուս մասնակիցների մոտ խնդիրներն ի հայտ են եկել քնելու դժվարությունների ժամանակ և նույնպես ուղեկցվել են ուղեղի կառուցվածքային փոփոխություններով։

Այլ խոսքով՝ միևնույն գործոնը՝ քնի խանգարումը, գենետիկայից կախված կարող է տարբեր կերպ ազդել ուղեղի վրա։ Ոմանց մոտ այն արագացնում է գորշ նյութի ծավալի կորուստը, իսկ մյուսների մոտ առնչվում է կառուցվածքային այլ փոփոխությունների և ճանաչողական հետևանքների հետ։

Հետազոտողներն ընդգծում են, որ խոսքը ժառանգականության և ապրելակերպի բարդ փոխազդեցության մասին է։ Ինչպես նշել է աշխատանքի համահեղինակներից Էյիշա Միլիգան-Արմսթրոնգը. «Միևնույն գենետիկական տարբերակները կարող են պաշտպանիչ կամ վնասակար լինել՝ կախված այն բանից, թե ինչպես է մարդը քնում»։

Թիմը նաև ուսումնասիրել է մասնակիցների ճանաչողական փոփոխությունները և պարզել, որ ժամանակի ընթացքում ուղեղի ֆունկցիաների անկման ընթացքը տարբերվում է՝ կախված քնի խանգարումների և գենետիկական պրոֆիլի համադրությունից։

Գիտնականների խոսքով՝ սա հաստատում է, որ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը չի կարելի դիտարկել որպես բոլորի համար նույնական սցենար։ Նույնիսկ ռիսկի գործոնների նման մակարդակի դեպքում ուղեղի փոփոխությունների արագությունը կարող է խիստ տարբեր լինել։

Նման հետազոտությունների հնարավոր ապագա նպատակն է պարզել, թե արդյոք որոշակի գենետիկական տարբերակներ ունեցող մարդկանց մոտ քնի բարելավումը կարող է դանդաղեցնել կամ փոխել ուղեղի երկարաժամկետ փոփոխությունները, որոնք կապված են նեյրոդեգեներատիվ գործընթացների հետ։