Գիտնականները պարզել են, որ ինքնաբուխ և կամածին ծիծաղը վերահսկվում են ուղեղի տարբեր հատվածների կողմից։ Այս բացահայտումն օգնում է ավելի լավ հասկանալ մարդկային հաղորդակցության ամենատարածված ու ունիվերսալ միջոցներից մեկը։

Ծիծաղը կարևոր դեր է խաղում սոցիալական փոխազդեցություններում՝ օգնելով մարդկանց կապեր հաստատել և ամրապնդել հարաբերությունները։ Չնայած դրա կարևորությանը, ծիծաղի հիմքում ընկած մեխանիզմները երկար ժամանակ բավարար չափով ուսումնասիրված չէին, քանի որ լաբորատոր պայմաններում չափազանց դժվար է վերարտադրել բնական, անկեղծ ծիծաղը։

Trends in Neurosciences ամսագրում հրապարակված նոր հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են նեյրովիրաբուժական վիրահատությունների հաշվետվությունները։ Այդ միջամտությունների ժամանակ արթուն պացիենտների գլխուղեղը ենթարկվել է էլեկտրական խթանման։ Որոշ դեպքերում այդպիսի խթանումը ծիծաղ է առաջացրել, ինչն էլ հետազոտողներին թույլ է տվել հստակեցնել ծիծաղի առաջացման համար պատասխանատու ուղեղի հատվածները։

Համադրելով այս տվյալները կլինիկական հետազոտությունների և կենդանիների վրա արված փորձերի արդյունքների հետ՝ գիտնականներն առանձնացրել են երկու տարբեր նեյրոնային ցանցեր։ Դրանցից մեկը կապված է ինքնաբուխ հուզական ծիծաղի հետ, իսկ մյուսը պատասխանատու է կամածին՝ սոցիալապես վերահսկվող ծիծաղի համար։

Հետազոտության հեղինակ Սոֆի Սքոթը նշել է, որ մասնագետները վաղուց են տարբերակում առողջ մարդկանց ծիծաղի այս երկու տեսակները։

Առաջին տեսակը ինքնաբուխ ծիծաղն է։ Սա ավտոմատ հուզական արձագանք է, որը երբեմն դժվար է կանգնեցնել։ Սքոթի խոսքով՝ նման ծիծաղն առաջանում է անսպասելիորեն և կարող է ամբողջությամբ կլանել մարդուն։ Այն նկատվում է նաև որոշ նյարդաբանական և հոգեկան խանգարումների դեպքում, ներառյալ էպիլեպտիկ նոպաները, աֆեկտիվ խանգարումները, Ալցհեյմերի հիվանդությունն ու շիզոֆրենիան։

Երկրորդ տեսակը կամածին ծիծաղն է, որը մարդիկ գիտակցաբար օգտագործում են շփման ընթացքում։ Հետազոտողն ընդգծել է, որ այսպիսի ծիծաղը զարմանալիորեն ճշգրիտ է սինքրոնացվում խոսքի հետ. զրուցակիցները հաճախ ծիծաղում են միաժամանակ՝ նախադասությունների վերջում, և նույնիսկ համապատասխանեցնում են շնչառությունը։ Ի տարբերություն ինքնաբուխ ծիծաղի՝ այն արագ սկսվում է և արագ դադարում, ինչը վկայում է վերահսկողության ավելի բարձր մակարդակի մասին։

Հասկանալու համար, թե ուղեղի որ կառուցվածքներն են ընկած այս գործընթացների հիմքում, հետազոտողներն ուսումնասիրել են էպիլեպսիայով հիվանդների վիրահատությունների տվյալները։ Վիրահատական բուժման նախապատրաստման փուլում բժիշկները էլեկտրական իմպուլսներով խթանել են ուղեղի տարբեր հատվածներ։ Դա տեղի է ունեցել այնքան, քանի դեռ պացիենտները գտնվել են գիտակցության մեջ և կարողացել են անմիջապես նկարագրել իրենց զգացողությունները։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ինքնաբուխ ծիծաղը ձևավորվում է այն հատվածների կապում, որոնք պատասխանատու են հուզական կարգավորման և շարժողական ակտիվության համար։ Այդ համակարգի մեջ մտնում են առաջնային գոտկատեղային կեղևը, հարակից կորիզը և քունքային բևեռը։ Այս հատվածների խթանումն առաջացրել է ծիծաղ, որն ուղեկցվել է տրամադրության բարձրացմամբ, էյֆորիայով և ուրախության զգացումով։

Կամածին ծիծաղը, ընդհակառակը, կապված է ուղեղի այն գոտիների հետ, որոնք հիմնականում պատասխանատու են շարժումների համակարգման համար, ներառյալ՝ Ռոլանդյան ծածկույթը , դալուկ գունդը և լրացուցիչ շարժողական գոտին։ Դրանց խթանումն առաջացրել է ծիծաղանման ռեակցիաներ, սակայն՝ առանց հաճույքի կամ զվարճանքի զգացողության։

Հետազոտողների կարծիքով՝ ինքնաբուխ ծիծաղի նեյրոնային ցանցն էվոլյուցիոն տեսանկյունից ավելի հին մեխանիզմ է, որն առաջացել է կենդանիների խաղային փոխազդեցությունների ընթացքում։ Ծիծաղ հիշեցնող ձայնային ազդանշաններ են հայտնաբերվել կաթնասունների մի շարք տեսակների մոտ, և դրանք, ամենայն հավանականությամբ, օգնում են նվազեցնել ագրեսիան ու ամրապնդել սոցիալական կապերը։

Իսկ կամածին ծիծաղի համակարգը մասնակիորեն համընկնում է ուղեղի այն հատվածների հետ, որոնք մասնակցում են խոսքի ձևավորմանը, ինչն էլ հաստատում է դրա դերը գիտակցված հաղորդակցության և սոցիալական շփումների մեջ։

Հետազոտության համահեղինակ Ֆաուստո Կարուանան նշել է, որ այս արդյունքները կարող են օգնել ավելի լավ հասկանալ այն նյարդաբանական և հոգեկան խանգարումները, որոնց դեպքում փոխվում է ծիծաղի բնույթը։ Բացի այդ, այս աշխատանքը կարող է բանալի դառնալ մարդկային հաղորդակցության տարբեր կողմերի և հասարակության մեջ ձայնային ազդանշանների կիրառման գաղտնիքները բացահայտելու համար։

Գիտնականների համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ծիծաղի և ցավի զգացողության նվազման միջև կապը։ Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծիծաղն ընդունակ է գործել որպես բնական ցավազրկող միջոց։ Ընդ որում, առաջնային գոտկատեղային կեղևը, որը մտնում է ինքնաբուխ ծիծաղի համակարգի մեջ, նույնպես կարևոր դեր է խաղում ուղեղի սեփական ցավազրկման համակարգում։

Հետագայում հետազոտողները ծրագրում են ավելի մանրամասն ուսումնասիրել ծիծաղի ցավազրկող ազդեցությունը և այն նեյրոնային մեխանիզմները, որոնք ապահովում են այդ գործընթացը։