Որոշ գենետիկական փոփոխություններ, հակառակ սպասումների, կարող են ոչ թե մեծացնել, այլ նվազեցնել հիվանդությունների առաջացման վտանգը։ Նման եզրակացության է հանգել Բարբարա Էնն Քարմանոսի անվան ուռուցքաբանական ինստիտուտի, Ուեյնի համալսարանի և ԱՄՆ այլ գիտական կենտրոնների հետազոտողների միջազգային խումբը, որն ուսումնասիրել է TGFBR1*6A անունով հայտնի TGFBR1 գենի հազվագյուտ տարբերակը: Աշխատությունը հրապարակվել է Cancer Communications բժշկագիտական հանդեսում։

Այս տարբերակը հանդիպում է բնակչության մոտ 14%-ի շրջանում և երկար ժամանակ մնացել է թերի ուսումնասիրված, քանի որ գենետիկական վերլուծության ժամանակակից շատ մեթոդներ կա՛մ ունակ չեն այն ճշգրիտ հայտնաբերել, կա՛մ բաց են թողնում այն՝ ԴՆԹ-ի այդ հատվածի բարդության պատճառով։

Գիտնականները պարզել են, որ TGFBR1*6A-ի կրողներն ունեն հաստ աղիքի՝ կոլորեկտալ քաղցկեղի զարգացման ցածր ռիսկ։ Պաշտպանական ազդեցությունն առավել արտահայտված է եղել հիվանդության նկատմամբ ընտանեկան նախատրամադրվածություն ունեցող մարդկանց շրջանում, ներառյալ՝ բուժառուների ազգականները և ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզից տառապող մարդիկ։ Վերջինս հազվագյուտ ժառանգական վիճակ է, որի դեպքում աղիքներում ձևավորվում են հարյուրավոր պոլիպներ, որոնք հաճախ վաղ տարիքում հանգեցնում են քաղցկեղի։

Հետազոտողները՝ Քարմանոսի ինստիտուտի նախագահ ու գործադիր տնօրեն և Ուեյնի համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր Բորիս Պաշեի գլխավորությամբ, նշում են, որ գենի այդ տարբերակը երկար ժամանակ համարվում էր հավանական ռիսկի գործոն, սակայն նոր տվյալները մատնանշում են հակառակ ազդեցությունը։

Վարկածը ստուգելու համար թիմն օգտագործել է մի քանի մոտեցում․ աղիքների քաղցկեղի ընտանեկան ռեգիստրների մեծ տվյալների զանգվածների վերլուծություն և «մարդկայնացված» մկնային մոդելի ստեղծում, որում TGFBR1 գենը փոխարինվել էր մարդկային տարբերակներով։

Արդյունքները համընկնող են եղել․ TGFBR1*6A կրող մկների մոտ ՝ գենի սովորական տարբերակն ունեցող կենդանիների համեմատ ավելի քիչ պոլիպներ և ուռուցքներ են ձևավորվել։ Նմանատիպ միտում է նկատվել նաև մարդկանց շրջանում՝ կլինիկական տվյալներում։

Հեղինակներն ընդգծում են, որ մուտացիան ազդում է TGF-բետա ազդանշանների փոխանցման վրա, որը բջիջների աճը կարգավորող առանցքային կենսաբանական ուղին է։ TGFBR1*6A տարբերակի դեպքում ազդանշանի փոխանցումն ավելի քիչ արդյունավետ է լինում, ինչն, ըստ ամենայնի, նվազեցնում է հյուսվածքների ախտաբանական աճի հավանականությունը։

Պատմականորեն այդ գենետիկական տարբերությունն առաջին անգամ նկարագրվել է դեռևս 1990-ականների վերջին՝ Բորիս Պաշեի աշխատություններում, երբ նա վերապատրաստվում էր Ջոան Մասագեի լաբորատորիայում։ Ընդսմին, հետագա հետազոտությունները տվել էին հակասական արդյունքներ, և դրա դերը մնում էր վիճահարույց։

Այս նոր աշխատությունը, որը ներառում է ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող ընտանիքների միջազգային ռեգիստրի տվյալները և կենդանիների վրա կատարված փորձարկումները, առաջին անգամ հետևողականորեն ցույց է տալիս այս գենետիկական տարբերակի պաշտպանական բնույթը։

Հետազոտողները կարծում են, որ ստացված տվյալները կարող են նշանակություն ունենալ անհատականացված բժշկության համար․ ապագայում բուժառուի գենետիկական պրոֆիլը կարող է օգտագործվել ոչ միայն ռիսկերը գնահատելու, այլև բնական «պաշտպանական» գործոնները հայտնաբերելու համար։