Ժամը մեկ մոտ հինգ րոպե տևողությամբ շարժվելու կարճ ընդմիջումները կարող են լինել ամենաարդյունավետ և միևնույն ժամանակ իրատեսական միջոցը՝ նվազեցնելու տևական նստելուց հասցվող վնասը։ Նման եզրակացության են հանգել խոշոր հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են British Journal of Sports Medicine բժշկագիտական հանդեսում։
Աշխատանքը հիմնված է ԱՄՆ Ազգային հանրային ռադիոյի (NPR) կազմակերպած Body Electric Challenge նախագծի ավելի քան 19 հազար չափահաս մասնակիցների տվյալների վրա։ Հետազոտության ընթացքում երկու շաբաթվա ընթացքում ուսումնասիրվել են ակտիվության տարբեր ռեժիմներ՝ ընդմիջումներ յուրաքանչյուր 30, 60 և 120 րոպեն մեկ։
Արդյունքները ցույց են տվել, որ կանոնավոր կարճ զբոսանքների բոլոր տարբերակներն էլ մասնակիցներն ընդունել են որպես ընդունելի և իրագործելի, ինչպես նաև հանգեցրել են ինքնազգացողության բարելավմանը։ Ընդսմին, ռեժիմների միջև եղած տարբերությունները կարևոր են արձանագրվել։
Ամենից հաճախ մասնակիցներն ընտրել են յուրաքանչյուր 60 րոպեն մեկ ընդմիջումները. այս տարբերակը համատեղում էր չափավոր հաճախականությունը բարձր հակվածության հետ։ Հենց այս տարբերակն էլ տվել է ամենահավասարակշռված ազդեցությունը՝ հոգնածության զգալի նվազում, տրամադրության բարելավում և միևնույն ժամանակ լավ իրագործելիություն իրական պայմաններում։
Ավելի հաճախակի՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ արվող ընդմիջումները տրամադրության և հոգնածության մակարդակի վրա թողել են ամենաուժեղ դրական ազդեցությունը, սակայն նվազ հարմարավետ են եղել օրվա ընթացքում դրանց հետևելու տեսանկյունից։ Ընդհակառակը, երկու ժամը մեկ արվող ընդմիջումներն ամենահեշտ իրագործելին են եղել, բայց ավելի քիչ ազդեցություն են տվել։
Բոլոր տարբերակներում էլ մասնակիցները հայտնել են հոգնածության նվազման, տրամադրության բարելավման, ինչպես նաև բացասական հուզական ֆոնի նվազման մասին։ Միաժամանակ, աշխատանքային արդյունավետության ցուցանիշները գործնականում չեն վատթարացել՝ չնայած լրացուցիչ ընդմիջումներին։
Հեղինակները նշում են, որ կանոնավոր կարճ ընդմիջումների պատճառով արդյունավետության անկման վերաբերյալ մտահոգությունները չեն հաստատվել. աշխատանքի արդյունավետության փոփոխությունները եղել են նվազագույն և նույնիսկ թեթևակի դրական։
Միջին հաշվով, բարձր եկամուտ ունեցող երկրներում չափահասները նստած դիրքում անցկացնում են օրական 11–12 ժամ, ինչը կապված է խրոնիկական հիվանդությունների և վաղաժամ մահացության բարձր ռիսկի հետ։ Այդ ֆոնին ակտիվության ռեժիմի նույնիսկ չնչին փոփոխությունները կարող են զգալի հասարակական ազդեցություն ունենալ։
Հետազոտողներն ընդգծում են, որ արդյունավետության և իրատեսական լինելու միջև օպտիմալ փոխզիջումը եղել է մեկժամյա միջակայքերով ռեժիմը․ այն համատեղում է բարձր իրագործելիությունը և ինքնազգացողության արտահայտված բարելավումները։
Միաժամանակ, հեղինակները նշում են աշխատանքի սահմանափակումները․ բոլոր տվյալները հիմնված են եղել մասնակիցների ինքնագնահատման վրա, ընտրանքը լիովին ներկայացուցչական չի եղել, իսկ դիտարկման տևողությունը կազմել է ընդամենը 21 օր։ Ուստի երկարաժամկետ ազդեցությունները լրացուցիչ ուսումնասիրություն են պահանջում։
Ընդսմին, հետազոտողները կարծում են, որ ստացված արդյունքները կարող են օգտագործվել ֆիզիկական ակտիվության վերաբերյալ ապագա հանձնարարականների ձևավորման ժամանակ, հատկապես առավելապես նստակյաց ապրելակերպ վարող մարդկանց համար։






