Քրոնիկական հոգեբանական սթրեսը նպաստում է ուռուցքների աճին՝ օգնելով նրանց խուսափել իմունային համակարգի գրոհներից։ Այսպիսի եզրակացության են եկել Վեյլ Քորնելի Բժշկական քոլեջի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cancer Cell ամսագրում։
Գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ իրադարձությունների շղթա, որը կապում է սթրեսը, աղիքային միկրոբիոմը և քաղցկեղի զարգացումը: Մկների վրա կատարված փորձերը և մարդու ուռուցքի նմուշների վերլուծությունը ցույց են տվել, որ երկարատև սթրեսը խաթարում է աղիքային պատնեշի գործառույթը: Սա թույլ է տալիս որոշակի աղիքային մանրէների մտնել արյան, ապա՝ ուռուցքային հյուսվածքի մեջ:
Ուռուցքի մեջ հայտնվելուց հետո մանրէներն արտազատում են դրանցում ապրող վիրուսներ (բակտերիոֆագներ): Դրանց ԴՆԹ-ն ակտիվացնում է TLR9 ռեցեպտորը ուռուցքային ֆիբրոբլաստներում՝ ուռուցքի աճը խթանող բջիջներում: Ի պատասխան՝ այս բջիջները սկսում են ինքնուրույն արտադրել մեծ քանակությամբ սթրեսային հորմոններ, որոնք կոչվում են գլյուկոկորտիկոիդներ:
Այս հորմոնների տեղայնացված աճը ճնշում է B լիմֆոցիտների ակտիվությունը՝ հակաուռուցքային իմունային համակարգի կարևոր մասը, որը պատասխանատու է հակամարմինների արտադրության համար: Արդյունքում՝ ուռուցքը լրացուցիչ պաշտպանություն է ստանում իմունային համակարգից: «Մեր արդյունքները բացում են հետազոտությունների բազմաթիվ նոր ուղիներ և հնարավորություններ են ստեղծում քաղցկեղ ունեցող պացիենտների համար բուժման նոր մեթոդների և կանխատեսողական թեստեր մշակելու համար», - ասել է ուսումնասիրության ղեկավար, պրոֆեսոր Մելոդի Ցզենը:
Հետազոտողները նաև պարզել են, որ այս մեխանիզմը կարող է ընդհատվել: Մկների մոտ TLR9 ռեցեպտորի արգելափակումը կամ ուռուցքի ներսում գտնվող մանրէների ոչնչացումը հակաբիոտիկով վերականգնել է հակաուռուցքային իմունային պատասխանը։
Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել Enterococcus gallinarum մանրէին, որը լաբորատոր կենդանիների մոտ ամենից հաճախ աղիներից ուռուցքներ էր տեղափոխվում: Մարդու հաստ աղիի ուռուցքի նմուշներում հետազոտողները հայտնաբերել են մեկ այլ մանրէ՝ Klebsiella pneumoniae, որը պարունակում է մեծ քանակությամբ բակտերիոֆագներ: Մկների մեջ դրա ներմուծումը զգալիորեն արագացրել է ուռուցքի աճը: Ուղեղի ուռուցքների վերլուծությունը նաև բացահայտել է աղիքային Enterococcus faecium մանրէի և դրանց հետ կապված վիրուսների առկայությունը։
«Ես չեմ զարմանա, եթե այս գործընթացում ներգրավված լինեն աղիքային մանրէների մի քանի տեսակներ, հատկապես նրանք, որոնք կարող են հարմարվել աղիներից դուրս կյանքին», - ասել է պրոֆեսոր Ցզենը։
Հեղինակների խոսքով՝ այս հայտնագործությունն ընդգծում է քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ քրոնիկական սթրեսի կառավարման կարևորությունը: Բացի այդ, գիտնականները մտադիր են ուսումնասիրել, թե արդյոք ուռուցքներում բակտերիոֆագների հայտնաբերումը կարող է օգտագործվել որպես հիվանդության կանխատեսման ցուցիչ և հնարավոր թերապևտիկ մոտեցումներից որն է առավել արդյունավետ։






