Ծավալուն կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ ձկան յուղի հիմքով օմեգա-3 հավելումները չեն բարելավում հիշողությունը, կոգնիտիվ ֆունկցիաները և չեն պաշտպանում ուղեղը Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված փոփոխություններից՝ չնայած այն հանգամանքին, որ հաջողությամբ բարձրացնում են ուղեղում օմեգա-3-ի մակարդակը։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կեկի բժշկական դպրոցի գիտնականները հետևել են 55-ից 80 տարեկան 365 մարդու, որոնք ներառված են եղել Ալցհեյմերի հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում։ Բոլոր մասնակիցները հազվադեպ են ձուկ օգտագործել․ այն հանդիսանում է օմեգա-3 ճարպաթթուների հիմնական աղբյուրը։ Երկու տարվա ընթացքում նրանք ամեն օր ստացել են կամ դոկոզահեքսայենային թթվի (DHA) բարձր դոզա՝ 2000 մգ, կամ պլացեբո (դեղամիջոցի տեսք ունեցող անվնաս նյութ)։
Հետազոտությունը հաստատել է, որ DHA-ն՝ որպես առանցքային օմեգա-3 ճարպաթթուներից մեկը, հաջողությամբ թափանցել է գլխուղեղ։ Արդեն վեց ամիս անց դրա կոնցենտրացիան ողնուղեղային հեղուկում աճել է միջինում 17%-ով, ինչը վկայում է թիրախային օրգան հասնելու մասին։
Այդուհանդերձ, սա կլինիկական որևէ նշանակալի արդյունքի չի հանգեցրել։ Ձկան յուղ ընդունած մասնակիցների շրջանում հիշողության կամ կոգնիտիվ կարողությունների որևէ բարելավում չի հայտնաբերվել։ Բացի այդ, ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտությունը ցույց չի տվել հիպոկամպի (ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու հատվածի) ծավալի կրճատման դանդաղում, որը համարվում է ուղեղի ծերացման և Ալցհեյմերի հիվանդության հիմնական ցուցիչներից մեկը։
Մասնակիցների գրեթե կեսը եղել է APOE4 գենի կրող, որը համարվում է Ալցհեյմերի հիվանդության ուշ ձևի զարգացման ամենաազդեցիկ գենետիկական ռիսկի գործոնը։ Սակայն անգամ այս բարձր ռիսկային խմբում օմեգա-3 հավելումները որևէ պաշտպանիչ ազդեցություն չեն ցուցաբերել։
Հետազոտության ղեկավար, դոկտոր Հուսեյն Նաջի Յասինը նշել է, որ ստացված արդյունքները չեն հաստատում ձկան յուղի արդյունավետությունը՝ որպես Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման միջոց։ Հեղինակների կարծիքով՝ օմեգա-3 ճարպաթթուները կարող են ավելի մեծ օգուտ տալ, եթե օրգանիզմ թափանցեն միջերկրածովյան դիետայի կազմում, այլ ոչ թե առանձին կենսահավելումների տեսքով։
Ներկայում հետազոտողները փորձում են պարզել, թե ինչու է օմեգա-3-ը հաջողությամբ հասնում ուղեղին, սակայն նկատելի ազդեցություն չի ունենում կոգնիտիվ ֆունկցիաների վրա, ինչպես նաև ուսումնասիրում են տարիքի, գենետիկայի, սննդառության առանձնահատկությունների և առողջական ընդհանուր վիճակի դերն այս նյութերի յուրացման հարցում։
Հեղինակներն ընդգծում են, որ ուղեղի առողջության պահպանման և Ալցհեյմերի հիվանդության ռիսկի նվազեցման ամենաարդյունավետ միջոցները շարունակում են մնալ առողջ ապրելակերպը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, լիարժեք քունն ու հավասարակշռված սնունդը։






