Գիտնականները հայտնաբերել են մինչ օրս անհայտ մի կենսաբանական մեխանիզմ, որը բացատրում է, թե ինչու է տարիքի հետ մեծանում որովայնի ճարպաշերտը, նույնիսկ երբ մարմնի ընդհանուր քաշը գրեթե չի փոխվում: Science ամսագրում հրապարակված հետազոտությունը վեր է հանել ցողունային բջիջների մի նոր տեսակ, որն ի հայտ է գալիս ծերացման գործընթացում և ակտիվորեն խթանում ճարպային նոր բջիջների առաջացումը:

«City of Hope» բժշկական կենտրոնի և Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) գիտնականների համատեղ հետազոտությունը ցույց է տալիս, որ տարիքային ճարպակալումը պայմանավորված չէ միայն արդեն եղած ճարպային բջիջների չափսերի մեծացմամբ: Պարզվել է, որ ծերացումն ակտիվացնում է ցողունային բջիջների մի առանձնահատուկ խումբ, որն էլ էապես արագացնում է նոր ադիպոցիտների ձևավորումը:

Գիտնականներն ուսումնասիրել են սպիտակ ճարպային հյուսվածքը, որն օրգանիզմում էներգետիկ պաշարների կուտակման հիմնական վայրն է, և հետազոտել ադիպոցիտների նախորդող բջիջները (APCs), որոնցից էլ ձևավորվում են հասուն ճարպային բջիջները:

Մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ տարեց կենդանիներից վերցված նախորդող բջիջները (APCs) շատ ավելի մեծ քանակությամբ նոր ճարպաբջիջներ են առաջացրել, քան երիտասարդ մկների բջիջները, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե որքան է եղել ընդունող կենդանու տարիքը: Սա վկայում է այն մասին, որ տարիքի հետ հենց իրենք՝ ցողունային բջիջներն են ձեռք բերում ճարպային հյուսվածք ձևավորելու հզոր հատկություն:

Մեկ բջջի ՌՆԹ սեկվենավորման մեթոդի շնորհիվ հետազոտողները հայտնաբերել են տարիքային առանձնահատուկ բջիջների մի նոր խումբ, որոնք անվանել են CP-As (committed preadipocytes, age-specific — տարիքային առանձնահատկությամբ կանխորոշված նախաադիպոցիտներ): Այս բջիջներն ի հայտ են գալիս հիմնականում միջին տարիքում և օժտված են նոր ճարպային բջիջների վերածվելու բարձր ունակությամբ (հատկապես որովայնի շրջանում):

Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ այս գործընթացում առանցքային դեր ունի LIFR ընկալիչի (leukemia inhibitory factor receptor) ազդանշանային ուղին: Երիտասարդ մկների մոտ ճարպային հյուսվածքի ձևավորումն ընթացել է առանց այս մեխանիզմի մասնակցության, մինչդեռ տարեց կենդանիների օրգանիզմում հենց LIFR-ն է ակտիվացրել CP-As բջիջները և գործարկել ճարպային նոր բջիջների առաջացումը:

Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են մարդու ճարպային հյուսվածքի նմուշները և հայտնաբերել CP-As-ին շատ նման բջիջները: Դրանք զգալիորեն ավելի հաճախ են հանդիպել միջին տարիքի մարդկանց մոտ և նույնպես ակտիվորեն ձևավորել են նոր ճարպային բջիջներ, ինչը փաստում է, որ նմանատիպ մեխանիզմ գործում է նաև մարդու օրգանիզմում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս բացահայտումը նոր հնարավորություններ է ստեղծում տարիքային ճարպակալման դեմ բուժման մեթոդներ մշակելու համար: Հետագայում գիտնականները ծրագրում են պարզել, թե ինչպես են ձևավորվում CP-As բջիջները, ինչ դեր ունեն դրանք նյութափոխանակության խանգարումների զարգացման գործում, և արդյոք հնարավոր է կանխել որովայնի շրջանում ճարպի կուտակումը՝ ազդելով հենց այս բջիջների վրա:

Թեև մինչև նոր բուժման մեթոդների կիրառումը դեռ բազմաթիվ հետազոտություններ են անհրաժեշտ, հեղինակները համոզված են, որ CP-As բջիջներն ու LIFR ազդանշանային ուղին հեռանկարային թիրախներ են այնպիսի դեղամիջոցների ստեղծման համար, որոնք կօգնեն պայքարել տարիքային ճարպակալման դեմ և պահպանել առողջությունը տարեց հասակում: