Այն կանայք, որոնք միաժամանակ ապրում են ՄԻԱՎ-ով և հեպատիտ C վիրուսով, կարող են լյարդի ծանր հիվանդությունների զարգացման զգալիորեն ավելի բարձր ռիսկ ունենալ՝ նույնպիսի համավարակ ունեցող տղամարդկանց համեմատ: Նման եզրակացության են հանգել կանադացի հետազոտողները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակել են AIDS բժշկագիտական հանդեսում:

Գիտնականները վերլուծել են խրոնիկական հեպատիտ C ունեցող 65 հազար 151 մարդու տվյալներ, որոնց հետևել են 1999 թվականից մինչև 2018 թվականը, որպեսզի գնահատեն, թե ինչպես են սեռը և ՄԻԱՎ վարակը համատեղ ազդում լյարդի ցիռոզի, լյարդային գործառույթների անկման և լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկի վրա:

Հետազոտության մեջ ներառվել է ավելի քան 22 հազար կին և 42 հազար տղամարդ։ Դիտարկման ընթացքում ՄԻԱՎ է ախտորոշվել 460 կնոջ և 1678 տղամարդու շրջանում։

Արդյունքները ցույց են տվել, որ ՄԻԱՎ-ի և հեպատիտ C-ի համակցված վարակ ունեցող կանանց շրջանում լյարդի ցիռոզի զարգացման ռիսկը 44%-ով ավելի բարձր է եղել, քան միայն հեպատիտ C ունեցող կանանց շրջանում: Բացի դրանից, լյարդային գործառույթների անկման սաստկացման հավանականությունը (փուլ, երբ լյարդն արդեն ի վիճակի չէ կատարել իր գործառույթները) ավելի քան 2,5 անգամ բարձր է գտնվել։

Ընդհակառակը, հեպատիտ C ունեցող, սակայն առանց ՄԻԱՎ-ի տղամարդկանց շրջանում ցիռոզի, լյարդային անբավարարության և լյարդի քաղցկեղի ռիսկն ավելի բարձր է եղել, քան միայն հեպատիտ C ունեցող կանանց շրջանում: Դա համապատասխանում է նախորդ հետազոտությունների տվյալներին, ըստ որոնց՝ էստրոգենները (իգական սեռական հորմոնները) կարող են պաշտպանիչ ազդեցություն ունենալ, իսկ կանայք ավելի հաճախ են ինքնուրույն ազատվում վիրուսից կամ հաջողությամբ արձագանքում հակավիրուսային թերապիային:

Ընդսմին, ՄԻԱՎ-ի միացումը էապես փոխում էր այդ պատկերը: Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ ՄԻԱՎ-ը զգալիորեն ավելի ուժեղ է բարձրացրել ցիռոզի և լյարդային գործառույթների անկման զարգացման ռիսկը կանանց, քան տղամարդկանց շրջանում: Միաժամանակ, ՄԻԱՎ-ի ազդեցությունը հեպատոցելուլյար կարցինոմայի՝ լյարդի քաղցկեղի ամենատարածված ձևի ռիսկի վրա սեռերի միջև տարբերություն չի դրսևորել:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ հայտնաբերված տարբերությունները կարող են բացատրվել ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալական գործոններով։ ՄԻԱՎ ունեցող կանանց շրջանում ավելի հաճախ են նկատվում հակառետրովիրուսային թերապիայի թունավոր ազդեցությունը լյարդի վրա և նյութափոխանակության խանգարումներ, որոնք նպաստում են հիվանդության սաստկացմանը: Բացի դրանից, կանայք հաճախ բախվում են բժշկական օգնություն ստանալու լրացուցիչ խոչընդոտների, ներառյալ՝ խարանումը, խտրականությունը, երեխաների խնամքի պարտականությունները և տրանսպորտային դժվարությունները, ինչը կարող է վատթարացնել բուժման որակը:

Հեղինակների կարծիքով՝ ՄԻԱՎ-ի և հեպատիտ C-ի համավարակ ունեցող կանայք ունեն ավելի մանրակրկիտ հսկողության և ժամանակին ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների կարիք՝ լյարդի ծանր բարդությունների ռիսկը նվազեցնելու համար: