Առաջատար սրտաբանական կազմակերպությունների միջազգային խումբը ներկայացրել է թարմացված փորձագիտական կոնսենսուսը՝ «Սրտային անբավարարության երկրորդ համընդհանուր սահմանումը»։ Փաստաթուղթը հստակեցնում է հիվանդության դասակարգումը և վերանայում դրա ախտորոշման, կանխարգելման ու բուժառուների վարման մոտեցումները։
Գլոբալ տվյալների գնահատականներով՝ այսօր աշխարհում սրտային անբավարարությունից տառապում է ավելի քան 64 միլիոն չափահաս մարդ, և բուժառուների թիվը շարունակում է աճել բնակչության ծերացման և ռիսկի գործոնների՝ ճարպակալման, 2-րդ տիպի դիաբետի ու հիպերտոնիայի տարածվածության պայմաններում։
Սահմանման նոր տարբերակը պատրաստվել է Սրտաբանության ամերիկյան ասոցիացիայի, Սրտաբանության ամերիկյան քոլեջի, Սրտաբանների եվրոպական միության, Սրտի համաշխարհային ֆեդերացիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի պրոֆիլային մասնագիտական միությունների մասնակցությամբ։ Փաստաթուղթը միաժամանակ հրապարակվել է առաջատար բժշկագիտական Circulation, JACC, European Heart Journal և Global Heart հանդեսներում:
Սրտային անբավարարության պատճառների համընդհանուր դասակարգում
Առաջին անգամ հիվանդության պատճառների ստանդարտացված համակարգ է առաջարկվել։
Այն հնարավորություն է ընձեռում.
- միատեսակ կերպով արձանագրել տվյալները հետազոտություններում և գրանցամատյաններում;
- ավելի ճշգրիտ որոշել սրտային անբավարարության առաջնային պատճառը;
- ընտրել ավելի թիրախային բուժում՝ դուրս գալով համընդհանուր թերապիայի շրջանակից։
Հրաժարում արտամղման գործառույթի խիստ շեմերից
Վերանայվել է ձախ փորոքի արտամղման գործառույթի (LVEF) հիման վրա դասակարգման մոտեցումը։
հաստատագրված «շեմային արժեքների» փոխարեն այժմ հաշվի են առնվում.
- բուժառուի սեռը;
- տարիքը;
- էթնիկ առանձնահատկությունները։
Այս հիմքի վրա ներդրվում են կլինիկական առումով կողմնորոշված կատեգորիաներ.
- սրտային անբավարարություն՝ արտամղման ցածր տարբերախմբով;
- արտամղման պահպանված տարբերախմբով;
- արտամղման բարելավված տարբերախմբով։
Շեշտադրում հիվանդության վաղ փուլերի վրա
Նոր մոդելն ընդգծում է այն բուժառուների հայտնաբերումը;
- ովքեր ունեն սրտային անբավարարության զարգացման բարձր ռիսկ;
- ովքեր գտնվում են նախակլինիկական փուլերում՝ նախքան ախտանիշների ի հայտ գալը։
Նպատակը կանխարգելումն ու վաղ միջամտությունն է, ինչը հնարավորություն է տալիս դանդաղեցնել կամ կանխել հիվանդության սաստկացումը։
Սրտային անբավարարությունն իբրև հարաճուն գործընթաց
Հիվանդությունն այժմ դիտարկվում է ոչ թե որպես հաստատագրված ախտորոշում, այլ որպես մի վիճակ, որն ի վիճակի է.
- սաստկանալ;
- կայունանալ;
- մասնակի կամ ամբողջությամբ հետաճ գրանցել (ռեմիսիա, բարելավում)։
Սոցիալական և աշխարհագրական գործոնների ազդեցությունը
Առանձնահատուկ ընդգծվում է, որ հիվանդության ռիսկն ու ելքերը կախված են.
- բժշկական օգնության հասանելիությունից.
- սոցիալ-տնտեսական պայմաններից.
- բնակության տարածաշրջանից և առողջապահության մակարդակից։
Փաստաթղթի համահեղինակների կարծիքով՝ նոր մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ հաշվի առնել բուժառուի անհատական առանձնահատկությունները և ավելի լավ կառուցել բուժման ու կանխարգելման ռազմավարությունները։ Ինչպես նշում են փորձագետները, դա հատկապես կարևոր է առողջապահության գլոբալ համակարգի համար, որտեղ ախտորոշման և թերապիայի մոտեցումները երկար ժամանակ մնում էին անմիատարր։
Թարմացված սահմանումը հիմք կծառայի Սրտաբանության ամերիկյան ասոցիացիայի և Սրտաբանության ամերիկյան քոլեջի ապագա կլինիկական ուղեցույցների համար, որոնց հրապարակումը սպասվում է մինչև 2027 թվականի վերջը։






