Թոքերի քաղցկեղի ԿՏ-սկրինինգը (համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հետազոտությունը) կարող է ավելի արդյունավետ լինել, եթե մարդկանց ընտրությունը կատարվի ոչ միայն տարիքի և ծխելու ստաժի հիման վրա, այլ հաշվի առնվի հիվանդության անհատական ռիսկը։ Այսպիսի եզրակացության են եկել Lung Cancer Cohort Consortium-ի վերլուծության հեղինակները՝ ռիսկի գնահատման տարբեր մոդելները համեմատելով USPSTF-ի 2021 թվականի գործող չափանիշների հետ։
Հետազոտողներն ուսումնասիրել են 12 ամերիկյան ընտրանքներից 50-80 տարեկան 641 հազար 830 չափահասների տվյալներ։ Բոլոր մասնակիցներն ունեցել են ծխելու պատմություն։ Աշխատանքում թոքերի քաղցկեղի ռիսկի կանխատեսման 16 մոդելներ համեմատվել են USPSTF-ի միասնական հանձնարարականների հետ։
Ըստ գործող կանոնների՝ ամենամյա ցածր դոզայով ԿՏ հետազոտություն խորհուրդ է տրվում 50-80 տարեկան այն մարդկանց, որոնք ունեն առնվազն 20 տուփ-տարի ծխելու ստաժ (օրինակ՝ օրական մեկ տուփ սիգարետ 20 տարվա ընթացքում), եթե նրանք շարունակում են ծխել կամ ծխելը թողել են 15 տարուց պակաս ժամանակ առաջ։
Վերլուծությունը ցույց է տվել, որ սկրինինգի ուղեգրումների միևնույն քանակի դեպքում անհատական ռիսկի մոդելները հնարավորություն են տվել հայտնաբերել ավելի շատ դեպքեր՝ ակնկալվող օգուտով, քան ստանդարտ չափանիշները։ Ամենաարդյունավետն են ճանաչվել PLCOm2012 և Life Years Gained From Screening-CT մոդելները։
Այնուամենայնիվ, համընդհանուր ճշգրտություն չի դիտվել։ Ոչ լատինամերիկյան ծագում ունեցող սևամորթ մասնակիցների շրջանում 16 մոդելներից 11-ը թերագնահատել են թոքերի քաղցկեղի ռիսկը, իսկ ասիացի մասնակիցների մոտ 13 մոդելներ ավելի վատ են տարբերակել հիվանդության ապագա դեպքերը և հիվանդության բացակայությունը։ Որոշ խմբերում այս խնդիրը պահպանվել է նույնիսկ ոչ լատինամերիկյան ծագում ունեցող սպիտակամորթ մասնակիցների հետ համեմատության դեպքում։
Հեղինակները նշում են, որ ոչ մի մոտեցում միաժամանակ չի բարելավել բոլոր ցուցանիշները՝ ընդգրկվածությունը, զգայունությունը, կանխատեսվող օգուտը և հավասարությունը տարբեր էթնիկ խմբերի միջև։ Այդ պատճառով անհատական ռիսկի մոդելները համարվում են հեռանկարային, սակայն դեռևս պատրաստ չեն համընդհանուր կիրառման՝ առանց լրացուցիչ ստուգման և հարմարեցման տարբեր պոպուլյացիաների համար։






