Կենդանիների վրա կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեբանական սթրեսը կարող է ազդել արյան ցողունային բջիջների աշխատանքի վրա՝ ուղեղի, աղիքների և ոսկրածուծի միջև փոխազդեցությունների բարդ շղթայի միջոցով։

Գիտնականները մկների մոտ կիրառել են քրոնիկ սթրեսի մոդելը՝ հասկանալու համար դրա ազդեցությունն իմունային համակարգի վրա։ Հետազոտության ղեկավար, Սուն Յաթ-սենի համալսարանի պրոֆեսոր Մեն Չժաոն նշել է, որ գաղափարն առաջացել է դիտարկումից, ըստ որի՝ երկարատև սթրեսի ժամանակ մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, օրինակ՝ մրսածությամբ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսը խաթարում է արյունաստեղծ ցողունային բջիջների ինքնավերականգնման կարողությունը և նվազեցնում լիմֆոցիտների՝ իմունային համակարգի կարևոր բջիջների արտադրությունը։

Ընդ որում, գիտնականները հայտնաբերել են ազդեցության անսպասելի շղթա. սթրեսի ժամանակ ուղեղն ակտիվացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը, որն ազդում է աղիքների վրա։ Սա փոխում է միկրոֆլորայի կազմը և նվազեցնում օգտակար մետաբոլիտների մակարդակը, ներառյալ սպերմիդինը՝ մի նյութ, որը կապված է ծերացման դանդաղեցման և բջիջների առողջության պահպանման հետ։

Դրա հետևանքով ցողունային բջիջները կորցնում են արյունաստեղծումը և իմունային ֆունկցիան բնականոն կերպով պահպանելու ունակությունը։

Հետազոտողները նաև պարզել են, որ քրոնիկ սթրեսը նվազեցնում է ուղեղի այն առանձին հատվածների ակտիվությունը, որոնք կապված են սթրեսի նկատմամբ արձագանքի հետ։ Մկների մոտ դրանց ճնշումը հանգեցրել է իմունային համակարգի նույնատիպ խանգարումների։

Հեղինակների կարծիքով, սա կարող է լինել առաջին ուղղակի ապացույցն այն բանի, որ ուղեղի որոշակի տիրույթներ կարող են կարգավորել ոսկրածուծի ցողունային բջիջների աշխատանքը։

Այս աշխատանքին չմասնակցած փորձագետները կարևոր են համարում արդյունքները, սակայն ընդգծում են, որ առայժմ խոսքը միայն կենդանիների վրա կատարված հետազոտությունների մասին է, և հայտնի չէ՝ արդյոք այս մեխանիզմն ամբողջությամբ գործում է մարդկանց մոտ։

Գիտնականները ծրագրում են ստուգել՝ արդյոք մարդու մոտ գոյություն ունի նմանատիպ «ուղեղ–աղիքներ–ոսկրածուծ» առանցքը, և կարող է արդյոք այն կապված լինել ծերացման, քաղցկեղի և այլ քրոնիկ հիվանդությունների հետ։