Ուորիկի համալսարանի և Մոնաշի համալսարանի հետազոտողների խումբը լուծել է մի առեղծված, որը տասնամյակներ շարունակ փակուղու առջև էր կանգնեցնում դեղեր մշակողներին. այն է՝ ինչպես են բակտերիաները բնական ճանապարհով ստեղծում հզոր հակաքաղցկեղային դեղամիջոցների մի քանի տարբերակներ: Այդ բացահայտումը կարող է արագացնել դժվար բուժվող քաղցկեղի տեսակների բուժման մեթոդների մշակումը:
Դեղերի տարբերակներ ստեղծելու համար բակտերիալ ֆերմենտների օգտագործումը (ռազմավարություն, որը հայտնի է որպես կոմբինատոր կենսասինթեզ) վաղուց եղել է գիտնականների նպատակը: Սակայն առանց այն հասկանալու, թե ինչպես են փոխազդում այդ ֆերմենտները, առաջընթացը կանգ էր առել:
Հետազոտողների խումբը Nature Communications հանդեսում հոդված է հրապարակել, որում վերջապես բացահայտվում է, թե ինչպես են բակտերիալ ֆերմենտները փոխազդում միմյանց հետ և համատեղ աշխատում՝ ստեղծելու փոխկապակցված հակաքաղցկեղային միացությունների ընտանիք: Այդ ընտանիքի մեջ է մտնում ռոմիդեպսինը (Իստոդակ)՝ արյան քաղցկեղի բուժման համար կլինիկորեն հաստատված դեղամիջոցը: Հասկանալով «խառնելու և համադրելու» գործընթացի սկզբունքը և այն վերարտադրելով լաբորատոր պայմաններում՝ հետազոտողները նոր բուժման մեթոդների ստեղծման մոտեցում են մշակել:
«Տասնամյակներ շարունակ մենք գիտեինք, որ բակտերիաները կարող են բնականորեն հզոր հակաքաղցկեղային դեղամիջոցների մի քանի տարբերակներ արտադրել, սակայն գաղափար անգամ չունեինք, թե ինչպես են նրանք դա անում,- ասել է հետազոտության առաջին հեղինակ, Ուորիկի համալսարանի քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող դոկտոր Մանրո Փասմորը։- Այս աշխատանքը վերջապես բացահայտում է գաղտնիքը: Սա այն բեկումն է, որը մեզ անհրաժեշտ էր դեղեր մշակելու համար»:
Վերլուծությունը ցույց է տվել, որ փոքր մոլեկուլային հատվածները, որոնք կոչվում են «դոմենային հանգույցներ», կապող օղակ են ծառայում դեղերի հավաքման հիմնական մեխանիզմի և փոփոխական բաղադրիչների ստեղծմանը մասնակցող ֆերմենտների միջև, գրում է «Научная Россия»-ն: Կարևոր է նշել, որ այդ հանգույցներն օգտագործում են կոնսերվատիվ միացման կետ, որը համատեղելի է բազմաթիվ տարբեր ֆերմենտների հետ. այդ առանձնահատկությունը բացատրում է, թե ինչպես են բակտերիաները կառուցվածքային բազմազանություն ստեղծում՝ միաժամանակ պահպանելով իրենց դեղերի ճշգրտությունն ու արդյունավետությունը:
Աշխատանքում միաժամանակ հետագծվում է դեղեր արտադրող համակարգերի բնական էվոլյուցիան: Հետազոտողները պարզել են, որ նորահայտ միացությունը, ամենայն հավանականությամբ, առաջացել է դեղ արտադրող դաշնակից համակարգից՝ գեների կրկնապատկման և ռեկոմբինացիայի արդյունքում:
Պրոֆեսոր Գրեգ Չալիսը եզրակացնում է. «Այս հետազոտությունը մեզ հուշում է ծրագիրը, թե ինչպես անել բնության արածը, բայց ավելի լավ ու ավելի արագ: Հակադարձ նախագծելով բնության էվոլյուցիոն տրամաբանությունը՝ մենք կկարողանանք սինթետիկ ուղիներ մշակել՝ կլինիկական կիրառման համար օպտիմալացված հատկություններով հակաքաղցկեղային դեղամիջոցներ ստեղծելու համար, մասնավորապես՝ բարձր արդյունավետությունը, բարելավված ընտրողականությունը և քիչ կողմնակի ազդեցությունները: Մեր առաջիկա նպատակն է ստեղծել դեղերի ընդլայնված գրադարան՝ քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար»։






