Գիտնականները մալարիայի հարուցչի անսպասելի թույլ կողմ են հայտնաբերել. տենդի նոպաների ժամանակ մարմնի բարձր ջերմաստիճանը կարող է մակաբույծին ժամանակավորապես զրկել մոծակներին փոխանցվելու ունակությունից։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Pathogens ամսագրում։
Բարսելոնայի գլոբալ առողջության ինստիտուտի (ISGlobal) հետազոտողները պարզել են, որ Plasmodium falciparum-ը՝ մալարիայի ամենավտանգավոր ձևն առաջացնող մակաբույծը, գամետոցիտների փուլում կորցնում է ջերմային սթրեսից պաշտպանվելու մեխանիզմն ակտիվացնելու ունակությունը։ Իսկ կյանքի ցիկլի հենց այս փուլն է պատասխանատու վարակը մարդուց մոծակին փոխանցելու համար։
Մալարիայի նոպաների ժամանակ մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 41°C։ Սովորաբար նման պայմանները ստիպում են բջիջներին միացնել ջերմային սթրեսից պաշտպանվելու համակարգը, ինչը կանխում է սպիտակուցների վնասումը։ Մակաբույծի օրգանիզմում այս համակարգի գործարկման համար պատասխանատու է AP2-HS սպիտակուցը։
Հետազոտության հեղինակները ջերմային ազդեցության ուսումնասիրման նոր մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս խիստ ճշգրտությամբ վերահսկել ջերմաստիճանը։ Պարզվել է, որ պաշտպանական ռեակցիան միացնելու համար մակաբույծին բավական է ընդամենը 10 րոպե տաքացումը, ընդ որում՝ մեխանիզմն ակտիվանում է նույնիսկ չափավոր ջերմաստիճանի բարձրացման դեպքում՝ դեռևս այն պահից առաջ, երբ բջիջները սկսում են լուրջ վնասվածքներ ստանալ։
Այդուհանդերձ, այս պաշտպանությունը չի գործում մակաբույծի զարգացման բոլոր փուլերում։ Հասուն գամետոցիտները, որոնք անհրաժեշտ են մոծակներին վարակելու համար, գրեթե չեն կարող ակտիվացնել ջերմային պաշտպանությունը։ Սա նրանց խիստ խոցելի է դարձնում ուժեղ տենդի ժամանակ։
Հետազոտողների կարծիքով՝ եթե այս ընթացքում մոծակը կծի հիվանդ մարդուն, նա կարող է չստանալ կենսունակ մակաբույծներ, ինչը նշանակում է, որ չի կարողանա վարակը փոխանցել այլ մարդկանց։
Բացի այդ, գիտնականները պարզել են, որ նույն պաշտպանական մեխանիզմը միանում է նաև դիհիդրոարտեմիզինինի ազդեցությունից հետո, որն արդի հակամալարիային դեղամիջոցների ակտիվ բաղադրիչն է։ Սա վկայում է այն մասին, որ ջերմային պաշտպանության համակարգը մակաբույծին օգնում է հաղթահարել ոչ միայն բարձր ջերմաստիճանը, այլև բջջային սթրեսի մյուս տեսակները։
Առայժմ այս եզրակացությունները հաստատվել են միայն լաբորատոր փորձարկումներով։ Այժմ հետազոտողները պետք է պարզեն՝ արդյո՞ք նման էֆեկտ նկատվում է հիվանդության բնական ընթացքի ժամանակ, և արդյո՞ք գոյություն ունի ջերմաստիճանային այնպիսի շեմ, որից բարձր լինելու դեպքում մալարիայով հիվանդը իրոք ժամանակավորապես դադարում է վարակիչ լինել մոծակների համար։






