Նորվեգիայի բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի (NTNU) և Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ առանձնահատուկ զգայուն ցածր հաճախականությամբ աղմուկի նկատմամբ․ հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Խոսքը ինֆրաձայնի՝ 16 Հց-ից ցածր հաճախականությամբ ձայնային ալիքների մասին է։ Նման ձայներ կարող են առաջանալ օդափոխության համակարգերից, ջերմային պոմպերից, հողմային տուրբիններից, տրանսֆորմատորներից, արդյունաբերական սարքավորումներից և տրանսպորտից։

Թեև ընդունված է կարծել, որ ինֆրաձայնն անլսելի է, հետազոտողները նշում են, որ մարդն ունակ է ընկալել այն բավականաչափ բարձր ինտենսիվության դեպքում։

Աշխատության հեղինակները պարզել են, որ ներքին ականջն ինֆրաձայնը մշակում է այլ կերպ, քան սովորական ձայները։ Եթե սովորական հաճախականությունների ընկալման հարցում հիմնական դերը խաղում են մասնագիտացված մազանման բջիջները, ապա չափազանց ցածր հաճախականությունների դեպքում գործի են անցնում ներքին ականջի այլ բջիջներ, որոնք սովորաբար կարգավորում են լսողական համակարգի զգայունությունը։

Գիտնականների խոսքով՝ հենց այս մեխանիզմը կարող է բացատրել, թե ինչու է ցածր հաճախականությամբ աղմուկն ընկալվում ավելի շուտ որպես բզզոց կամ նույնիսկ ֆիզիկական վիբրացիա, այլ ոչ թե որպես սովորական ձայն։ Բացի այդ, այս համակարգի աշխատանքի տարբերությունները կարող են պատճառ հանդիսանալ, որ որոշ մարդիկ գրեթե չնկատեն ինֆրաձայնը, մինչդեռ մյուսների մոտ այն կարող է  արտահայտված անհանգստություն առաջացնել։

Հետազոտողները հույս ունեն, որ այս բացահայտումը կօգնի ավելի լավ հասկանալ ցածր հաճախականությամբ աղմուկի նկատմամբ բարձր զգայունության պատճառները և մշակել մարդկանց վրա դրա ազդեցությունը նվազեցնելու միջոցներ։