Արյան պարզ հետազոտությունը (մատից) կարող է արդյունավետ միջոց դառնալ քաղցկեղով և այլ քրոնիկ հիվանդություններով տառապող պացիենտների մետաբոլիկ առողջությունը գնահատելու համար։ Այս եզրահանգմանն են եկել հետազոտողները, որոնց աշխատությունը հրապարակվել է «Frontiers in Science» ամսագրում։ Գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել գլյուկոզա-կետոնային ինդեքսը (Glucose Ketone Index, GKI), որն արտացոլում է արյան մեջ գլյուկոզայի և կետոնային մարմինների մակարդակի հարաբերակցությունը։

Ոչ վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ քաղցկեղը, սիրտ-անոթային հիվանդությունները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, գիրությունը և նեյրոդեգեներատիվ հիվանդություններն արդեն իսկ հանդիսանում են աշխարհում մահացության հիմնական պատճառը, իսկ ըստ կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը դրանց բաժինն ընդհանուր հիվանդացության մեջ էլ ավելի կմեծանա։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ GKI-ն կարող է կիրառվել՝ գնահատելու համար, թե որքանով են դիետան, քաղցը կամ ֆիզիկական ակտիվությունն օրգանիզմը արդյունավետորեն փոխադրում նուտրիտիվ (սննդային) կետոզի վիճակի։ Սա նյութափոխանակության այնպիսի փուլ է, որի ժամանակ նվազում է գլյուկոզայի մակարդակը և մեծանում կետոնային մարմինների արտադրությունը։ Ենթադրվում է, որ այս վիճակը նպաստում է միտոքոնդրիումների գործառույթի բարելավմանը և կարող է նշանակալի դեր խաղալ որոշ քրոնիկ հիվանդությունների կանխարգելման կամ բուժման գործում։ Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են, որ տարբեր հիվանդությունների համար GKI-ի օպտիմալ արժեքները դեռևս պետք է հստակեցվեն ծավալուն կլինիկական հետազոտությունների ընթացքում։

Գլյուկոզա-կետոնային ինդեքսն ի սկզբանե մշակվել էր օնկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ կետոգեն դիետայի պահպանմանը հետևելու նպատակով։ Այն հաշվարկվում է որպես արյան մեջ գլյուկոզայի խտության հարաբերակցություն beta-հիդրոքսիբուտիրատի մակարդակին (սա հիմնական կետոնային մարմինն է, որն առաջանում է կետոզի ժամանակ)։ Հեղինակների համոզմամբ՝ այս երկու ցուցանիշների միաժամանակյա գնահատումը թույլ է տալիս նյութափոխանակության վիճակի մասին շատ ավելի ճշգրիտ պատկերացում կազմել, քան միայն գլյուկոզայի մակարդակի կամ մարմնի զանգվածի չափումը։

GKI-ի ցածր արժեքները վկայում են գլյուկոզայի ցածր մակարդակի և կետոնային մարմինների բարձր խտության մասին, ինչը համապատասխանում է միտոքոնդրիումների առավել արդյունավետ աշխատանքին և բջջային էներգիայի արտադրությանը։ Ինդեքսի բարձր արժեքները, ընդհակառակը, կարող են հուշել նյութափոխանակության խանգարումների մասին, որոնք ուղեկցվում են գլյուկոզայի բարձր մակարդակով և կետոնների անբավարար արտադրությամբ։

Գիտնականների կարծիքով՝ GKI-ի կանոնավոր չափումը կօգնի բժիշկներին գնահատել ապրելակերպի փոփոխությունների (սննդակարգ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն կամ բուժական քաղց) արդյունավետությունը քրոնիկ բորբոքումների, արյան մեջ շաքարի ու ինսուլինի մակարդակի, ինչպես նաև օքսիդատիվ սթրեսի նվազեցման հարցում, որոնք առանցքային դեր ունեն բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացման մեջ։

Հեղինակները շեշտում են, որ կետոգեն մոտեցումները պետք է դիտարկել ոչ թե որպես բուժման ինքնուրույն միջոց, այլ պացիենտների համալիր խնամքի հնարավոր մեթոդներից մեկը, որը պետք է կիրառվի բացառապես բժշկի հսկողությամբ։

Գիտնականները նաև հորդորում են անցկացնել լայնածավալ ու ստանդարտացված կլինիկական հետազոտություններ՝ պարզելու համար տարբեր հիվանդությունների դեպքում GKI-ի թիրախային միջակայքերը, և հասկանալու, թե որքանով է այս ցուցանիշն ընդունակ կանխատեսել հիվանդության զարգացման ռիսկը, ընթացքն ու բուժման արդյունավետությունը։ Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս GKI-ն դիտարկել նյութափոխանակության այլ բիոմարկերների (այդ թվում՝ ինսուլինի, տրիգլիցերիդների և բորբոքային մարկերների) հետ համադրությամբ՝ դրա կլինիկական նշանակությունն ավելի ամբողջական գնահատելու համար։