Հետազոտողներն առաջարկել են մարմնի զանգվածի գնահատման նոր ցուցանիշ՝ Մարմնի համապատասխանեցված զանգվածի ինդեքսը (Consistent Body Mass Index - CBMI), որն ի վիճակի է վերացնել ավանդական մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) մի շարք սահմանափակումներ: Ըստ Scientific Reports բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության՝ նոր ինդեքսն ավելի լավ է համապատասխանում գոտկատեղի շրջագծի և հասակի հարաբերակցությանը, որն այսօր համարվում է ճարպակալմանն առնչվող հիվանդությունների վտանգի ամենատեղեկատվական ցուցանիշներից մեկը:
Չնայած տասնամյակներ շարունակ ՄԶԻ-ի լայն կիրառմանը՝ մասնագետները նշում են դրա զգալի թերությունները: Այն հաշվի չի առնում մարմնակազմվածքի առանձնահատկությունները, վատ է համապատասխանում երեխաների, դեռահասների, ինչպես նաև շատ բարձրահասակ և շատ ցածրահասակ մարդկանց համար և թույլ չի տալիս տարբերակել ճարպային հյուսվածքը մկանային զանգվածից: Ուստի գիտնականները շարունակում են առավել ճշգրիտ մարդաչափական ցուցանիշներ փնտրել:
Նոր աշխատանքում հեղինակները մշակել են CBMI-ն որպես համապարփակ ինդեքս, որը պետք է ավելի հետևողականորեն գնահատի տարբեր տարիքի և մարմնակազմվածքի մարդկանց մարմնի չափսերը: Ի տարբերություն ավանդական մարմնի զանգվածի ինդեքսի, նոր ցուցանիշը մաթեմատիկորեն դուրս է բերվել այնպես, որ առավելագույնս համապատասխանի գոտկատեղի շրջագծի և հասակի հարաբերակցությանը, որն ավելի ու ավելի հաճախ է կապվում սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, քաղցկեղի որոշ տեսակների և վաղաժամ մահացության վտանգի հետ:
Նոր մոդելի ստեղծման համար հետազոտողները մարդու մարմինը ներկայացրել են գլանի տեսքով, որտեղ բարձրությունը համապատասխանում է հասակին, իսկ շրջագիծը՝ գոտկատեղի շրջագծին: Թեև նման մոդելը չի արտացոլում մարմնի ձևի, սեռի, էթնիկ ծագման և օրգանիզմի կազմության բոլոր տարբերությունները, հեղինակներն այն նոր ինդեքսի մշակման համար հարմար հիմք են համարում:
Հետազոտությանը մասնակցել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում հետազոտված 400 առողջ կամավոր՝ նորածիններից մինչև մեծահասակներ: Բոլոր մասնակիցների մոտ չափվել են մարմնի զանգվածը, հասակը և գոտկատեղի շրջագիծը, ինչից հետո նոր ինդեքսի արդյունավետությունը համեմատել են մարմնի զանգվածի տրիպոնդերալ ինդեքսի (TMI) հետ, որը նույնպես դիտարկվում է որպես մարմնի զանգվածի ինդեքսի հնարավոր այլընտրանք:
Արդյունքները ցույց են տվել, որ CBMI-ն զգալիորեն ավելի լավ է համապատասխանում գոտկատեղի շրջագծի և հասակի հարաբերակցությանը, քան TMI-ն, ինչը վկայում է տարբեր տարիքի մարդկանց մարդաչափական կարգավիճակի գնահատման հարցում դրա պոտենցիալ ավելի բարձր ճշգրտության մասին:
Ստացված տվյալների հիման վրա հետազոտողներն առաջարկել են նախնական սահմանային արժեքներ ինչպես գոտկատեղի շրջագծի և հասակի հարաբերակցության, այնպես էլ նոր CBMI ինդեքսի համար: Նրանց կարծիքով՝ 0,50 արժեքը կարելի է դիտարկել որպես նորմայի վերին սահման, մինչդեռ 0,46-ը կարող է ծառայել որպես կողմնորոշիչ իդեալական ցուցանիշի համար: Ընդսմին, հեղինակներն ընդգծում են, որ այդ արժեքները նախնական են և հաստատում են պահանջում բնակչության տարբեր խմբերի մասնակցությամբ ավելի լայնածավալ հետազոտություններում:
Բացի դրանից, գիտնականները ենթադրում են, որ ապագայում նոր ինդեքսը կկարողանա օգտագործվել մարդու հասակի հաշվառմամբ մարմնի իդեալական զանգվածի հաշվարկման համար: Այնուամենայնիվ, առայժմ CBMI-ն ուղղակիորեն չի համեմատվել ճարպային զանգվածի չափման մեթոդների կամ իրական կլինիկական արդյունքների հետ:
Հեղինակները եզրակացնում են, որ CBMI-ն խոստումնալից այլընտրանք է մարմնի զանգվածի ավանդական ինդեքսին և ի վիճակի է մարդաչափական ցուցանիշների ավելի ճշգրիտ գնահատում ապահովել: Ընդսմին, դրա կլինիկական արժեքը հաստատելու համար անհրաժեշտ են մասշտաբային հետազոտություններ, նախքան նոր ինդեքսը կկարողանա օգտագործվել ամենօրյա բժշկական պրակտիկայում:






