Երկարաշղթա հագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ կետոգենային սննդակարգը կարող է ուժեղացնել օրգանիզմի բորբոքային ռեակցիաները։ Այս եզրակացությանն են եկել Ցինցինատիի համալսարանի ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Կետոդիետան ենթադրում է ճարպերի մեծ քանակի օգտագործում և ածխաջրերի կտրուկ սահմանափակում։ Սա օրգանիզմը տեղափոխում է կետոզի վիճակի, որի ժամանակ էներգիա ստանալու համար այն գլյուկոզայի փոխարեն հիմնականում օգտագործում է ճարպերն ու կետոնային մարմինները։ Նախկինում մի շարք հետազոտություններ մատնանշել էին նման սննդակարգի հնարավոր հակաբորբոքային ազդեցությունը, սակայն այլ աշխատանքներ բացահայտել էին բորբոքման ուժեղացում և հնարավոր բացասական հետևանքներ։ Նոր հետազոտությունն օգնում է բացատրել, թե ինչու կարող են արդյունքները տարբերվել։
Ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն Դևիդ Ջիուսի ղեկավարած խումբը մկների վրա ուսումնասիրել է տարբեր տեսակի ճարպաթթուներ պարունակող կետոգեն սննդակարգերի ազդեցությունը, ինչպես նաև հյուսվածքային կուլտուրաների մոդելներում հետազոտել է առանձին ճարպաթթուներ։
«Մենք պարզել ենք, որ երկարաշղթա հագեցած ճարպաթթուները, ըստ երևույթին, նպաստում են բորբոքային իմունային պատասխանին, մինչդեռ չհագեցած և միջին շղթայով ճարպաթթուներն ավելի հաճախ են կապված հակաբորբոքային հատկությունների հետ», — նշել է Ջիուսը։
Հետազոտողների տվյալներով՝ բորբոքման ուժեղացումը կապված է միտոխոնդրիումներում՝ էներգիա արտադրող բջջային կառուցվածքներում առաջացող սթրեսային ազդանշանների և իմունային բջիջների ակտիվացման հետ։
Հեղինակներն ընդգծել են, որ կետոգենային սննդակարգերը կարող են տարբեր կերպ ազդել օրգանիզմի վրա՝ կախված ճարպերի աղբյուրներից։ Ուստի դրանց հնարավոր օգուտը գնահատելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն ճարպերի և ածխաջրերի ընդհանուր քանակը, այլև սննդակարգի կոնկրետ կազմը։
Հետազոտությունը կարող է նշանակություն ունենալ նաև ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար։ Ջիուսի խոսքով՝ կետոդիետան կարող է փոխել ուռուցքի միկրոմիջավայրը՝ դրա շուրջ բջիջների գոյության պայմաններն ու փոխազդեցությունները, և հնարավոր է՝ ազդել իմունաբուժության արդյունավետության վրա։ Այս փոխկապակցվածության կլինիկական հետազոտությունն արդեն իրականացվում է UT Health San Antonio բժշկական կենտրոնում․ շուտով նախատեսվում է այն սկսել նաև Ցինցինատիի համալսարանի ուռուցքաբանական կենտրոնում։
Միևնույն ժամանակ, կենդանիների և հյուսվածքային մոդելների վրա կատարված փորձերի արդյունքներն ինքնին չեն ապացուցում, որ նման ազդեցություն անպայման առաջանում է նաև մարդկանց մոտ։ Բորբոքման և բուժման արդյունքների վրա տարբեր տեսակի ճարպերի ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ են հետագա կլինիկական հետազոտություններ։










