Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քայլեր ձեռնարկել դեղամիջոցների ֆիզիկական հասանելիությունը բարելավելու և, որպես հետևանք, դրանց ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու ուղղությամբ՝ միաժամանակ պահպանելով ու կատարելագործելով բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղորայքով ապահովելու գործընթացը։ Այս մասին հունիսի 16-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը՝ «Դեղերի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ։

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկեց սահմանել կարգ, որով ԵՄ անդամ պետությունների համապատասխան սերտիֆիկացնող մարմինների կողմից գրանցված և Եվրամիության տարածքում շրջանառվող դեղամիջոցները փաստաթղթային փորձաքննության հիման վրա Հայաստանում կանցնեն ճանաչման ընթացակարգ և կգրանցվեն ՀՀ համապատասխան գրանցամատյանում։

Համեմատության համար բանախոսը ներկայացրեց դեղորայքի ներկրման ծավալները Հայաստանում և Վրաստանում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է ընդամենը 3997 անվանում դեղամիջոց, մինչդեռ հարևան Վրաստանում՝ 11 050։

Հարությունյանի խոսքով՝ ճանաչման ընթացակարգի ներդրումը ոչ միայն կավելացնի պետական բյուջեի մուտքերը, այլև թույլ կտա ընդլայնել գրանցված դեղերի տեսականին, ինչն էլ իր հերթին կապահովի դրանց ֆիզիկական հասանելիությունն ու կնպաստի գների նվազմանը։

Առաջարկվող կարգի համաձայն՝ ճանաչման հայտին անհրաժեշտ կլինի կցել բացառապես տվյալ երկրում դեղամիջոցի գրանցումը հավաստող փաստաթուղթը, փաթեթավորման նմուշները, բժշկական կիրառման ու օգտագործման հրահանգները, ինչպես նաև ներդիր-թերթիկն ու դրա թարգմանությունը։ Ի տարբերություն գործող կարգի՝ դեղամիջոցի ամբողջական ներկայացում և լաբորատոր փորձաքննություն չի պահանջվի։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ճանաչման ընթացակարգով գրանցման հայտ ներկայացնելու իրավունքին։ Այն կտրվի հայտատուին, դեղարտադրողին կամ մատակարարին, որը Հայաստանում նույն օրենքով սահմանված կարգով ստացել է մեծածախ առևտրի լիցենզիա և պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր։ Ընդ որում, վերջինիս վրա կդրվեն նշված օրենքով սահմանված՝ գրանցման հավաստագրի իրավատիրոջ պարտականությունները։

Խորհրդարանականի համոզմամբ՝ սա կխթանի դեղ ներկրողների միջև մրցակցությունը և հայտեր ներկայացնելու հնարավորություն կտա նաև այլ տնտեսվարողների։

Արձագանքելով հնչած այն դիտարկմանը, թե վերջին տարիներին դեղորայքի գների էական փոփոխություն չի արձանագրվել, հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ առողջապահության ոլորտում արդեն իսկ ներդրվել է ապահովագրության համակարգ, որի շրջանակում ՀՀ քաղաքացիները դեղերը ստանում են անվճար կամ առնվազն մասնակի համավճարով։

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ համեմատությանը, հանձնաժողովի նախագահը նկատեց, որ երկու երկրներում իրավիճակները տարբեր են, և համեմատելիս հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ. մասնավորապես այն, որ դեղերի շրջանառության տեսանկյունից Վրաստանը տարանցիկ երկիր է։

«Այսինքն՝ այնտեղից իրականացվում է նաև դեղորայքի վերարտահանում»,- պարզաբանեց իշխող ուժի ներկայացուցիչը։

Իր հարակից զեկույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ բժշկական օգնության հասանելիությունն ապահովելու նպատակով իշխող քաղաքական ուժը ներդրել է համապարփակ բժշկական ապահովագրության համակարգ, որը տարածվում է նաև դեղորայքի շուկայի վրա։

«Համակարգի ներդրումն ինքնին, անգամ առանց որևէ հավելյալ քայլի, խթան հանդիսացավ, որ դեղագործական ընկերությունները գան Հայաստան, գրանցեն ու մատակարարեն իրենց դեղամիջոցները և վերանայեն գնային քաղաքականությունը, քանի որ մենք ունենք գնումների միանգամայն կանխատեսելի մեխանիզմ։ Պետությունը ստեղծել է ապահովագրական համակարգ, որը նաև քաղաքացիների համար դեղերի մատչելիության կարևորագույն երաշխիքն է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ «Ուժեղ Հայաստանի» մատնանշած նպատակն այս օրենսդրական փաթեթով հնարավոր չէ կյանքի կոչել։

Ավանեսյանի գնահատմամբ՝ նախագծով առաջարկվող քայլերն արդեն իսկ կարգավորված են գործող օրենսդրությամբ։ Նախարարը մատնացույց արեց նաև օրենսդրական փաթեթի հակասական դրույթները և հակափաստարկներ ներկայացրեց հնչած մի շարք թեզերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ Վրաստանը Եվրամիության անդամ չէ, և այնտեղ դեղամիջոցների վրա չեն տարածվում ԵՄ մաքսատուրքերը։

Համաձայնելով, որ Հայաստանի դեղերի շուկան բարեփոխումների կարիք ունի՝ ոլորտի պատասխանատուն կարծիք հայտնեց, որ հայկական շուկայի փոքր ծավալը պարտադրում է կարգավորման ավելի մտածված ու առավելագույնս ճկուն մեխանիզմներ առաջարկել, որպեսզի դեղերը շարունակեն մատչելի մնալ երկրի քաղաքացիների համար։

«Արդյո՞ք այս փոփոխությունը կլուծի դեղերի հասանելիության խնդիրը։ Մեր համոզմամբ՝ մատչելիության հարցը լուծում է համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը»,- ընդգծեց Կառավարության ներկայացուցիչը՝ մանրամասնելով խնդրի կարգավորման մեխանիզմները։

Այդուհանդերձ, բավականին տևական ու բուռն քննարկումներից հետո որոշվեց օրենսդրական այս նախաձեռնության վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել երկու ամսով։