Որոշակի նյարդաբանական խանգարումների դեպքում ուղեղի բջիջների միջեւ կապերը վնասվում են՝ պատճառելով հիշողության կորուստ եւ շատ այլ խնդիրներ։ Ինչպես պարզել են Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, այդ կապերը հնարավոր է վերականգնել՝ նյարդային համակարգին ստիպելով վերականգնվել։
Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց համար այս բացահայտումն ապաքինվելու հնարավորություն կընձեռնի, համենայն դեպս հիվանդության զարգացման վաղ շրջանում։
Շատ նյարդաբաններ ենթադրում են, որ հիշողությունները պահպանվում են սինապսներում՝ նեյրոնների միջեւ միացություններում։ Ալցհեյմերի հիվանդության դեպքում սինապսները քայքայվում են՝ առաջացնելով հիշողության կորուստ։ Սակայն, ինչպես պնդում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից Դեյվիդ Գլանզմանը, ծովային խխունջի հիշողության ուսուցման եւ ձեւավորման գործընթացների հետազոտությունը ցույց է տվել, որ հիշողությունը հնարավոր է եղել վերականգնել՝ արձակելով ավելի վաղ քայքայված սինապսների կրկնակի աճ։ Ավելին, պարզվում է, որ երկարատեւ հիշողությունները պահպանվում են ոչ թե սինապսներում, այլ ավելի շուտ նեյրոններում, ուստի հիշողություններն անդառնալիորեն չեն կորչում, եթե նեյրոնները կենդանի են։
Իր հետազոտության ընթացքում գիտնականը խխունջին սովորեցրել է հիշել էլեկտրոնային ազդակները։ Ազդեցությանն ի պատասխան՝ խխունջներն արձակել են պաշտպանողական մեխանիզմ, այն է, թաքնվել են իրենց պատյանում։ Նրանց մոտ նաեւ առանձնացվել է սերոտոնին հորմոնը, աճել են սինապսները, եւ ձեւավորվել է հիշողություն էլեկտրոնային իմպուլսի մասին։ Գիտնականները պարզել են, որ երկարատեւ հիշողությունների ձեւավորման համար ուղեղն արտադրում է նոր սինապսների ստեղծմանը նպաստող հատուկ սպիտակուցներ։
Սակայն, եթե օրգանիզմում խախտված է այս սպիտակուցների ստեղծման գործընթացը, մարդու մոտ նոր հիշողությունների ձեւավորման հետ կապված բարդություններ են առաջանում։
Հետեւյալ գործընթացը հաջողվել է կատարել նաեւ Պետրիի բաժակի մեջ. բաժակի մեջ սերոտոնին ավելացնելով՝ հնարավոր է եղել նկատել զգայական եւ շարժիչ նեյրոնների միջեւ նոր սինապսների ձեւավորումը։ Բայց սպիտակուցների սինթեզի արգելակիչ ավելացնելու ժամանակ սերոտոնինից անմիջապես հետո կանգ է առել նոր միացությունների աճն ու հիշողությունների ձեւավորումը։
Գլանզմանը Պետրիի բաժակի մեջ նախքան արգելակիչ ավելացնելը հաշվել է սինապսների քանակությունը։ Այդ ամենին գնահատական է տրվել հաջորդ օրը՝ արդեն արգելակիչ ավելացնելուց հետո։ Պարզվել է՝ այն փաստը, որ արգելակիչը միանգամից չեն ավելացրել, չի վնասել նոր հիշողությունների ձեւավորմանը (նոր սինապսներ են աճել, իսկ եղածներն էլ ամրապնդվել են)։ Այնուհետեւ օգտագործվել է սերոտոնինը, որի կրկնակի չափաբաժինը 24 ժամ հետո «վերածնել» է էլեկտրականության ազդեցության մասին հիշողությունը։ Անմիջապես հետո ավելացրել են արգելակիչը։
Այդ սխեման դադարեցրել է թե´ սինապսների, թե´ հիշողությունների ձեւավորումը։ Պարզվել է՝ բաժակում սինապսների քանակությունը եղել է այնքան, որքան էլեկտրոնային ազդակների «մարզումներից» առաջ։ Այսինքն՝ սերոտոնինն ակտիվացրել է հիշողությունների ամրապնդման նոր ալիքը, բայց սպիտակուցների սինթեզի արգելափակումն այդ գործընթացի ժամանակ ուղեղի բջիջներից հեռացրել է հիշողությունները։
Ի դեպ, այս ամենը բացատրում է, թե ինչու ավտովթարից հետո մարդիկ երբեմն չեն կարողանում հիշել, թե ինչ է իրենց հետ կատարվել դեպքի ժամանակ եւ առաջ. եթե սպիտակուցների սինթեզն այդ պահին խախտվում է, հիշողություններ չեն ձեւավորվում։






