Արդյո՞ք հայերը մտադիր են ֆիզիկական ակտիվություն պահպանել ամանորյա տոներին: NEWS.am Medicine -ի նոր հարցումը կօգնի իմանալ այս հարցի պատասխանը:
Հարցին, թե «Պահպանո՞ւմ եք արդյոք ֆիզիկական ակտիվությունը՝ Ամանորի տոնական օրերին», հարցվածների 35%-ն ասել է, որ մտադիր է շարունակել սպորտով զբաղվել եւ գոնե շատ քայլել: Հարցվածների 14%-ը չի ցանկանում տոներին սպորտով զբաղվել, քանի որ ցանկանում է ամեն ինչից հանգստանալ, այդ թվում եւ սպորտից: Հարցվածների 2%-ը սպորտով չի զբաղվի, քանի որ մարզասրահների մեծամասնությունը ամանորյա տոներին չի աշխատում: Իսկ հարցվածների ուղիղ 50%-ը խոստովանել է, որ ընդհանրապես սպորտով չի զբաղվում:
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 123 մարդ:
Հիշեցնենք, որ նստակյաց ապրելաձեւը, հատկապես, եթե դրա հետ մարդը շատ է ուտում եւ ոգելից խմիչքներ է օգտագործում, շատ վնասակար է: Մասնագետներն առաջարկում են տոների ժամանակ փորձել պահպանել ֆիզիկական ակտիվությունը, իսկ եթե չի հաջողվում սպորտով զբաղվել, գոնե շատ քայլել:
Սակայն գիտնականները միակարծիք չեն այն հարցում, թե ինչը կարելի է ֆիզիկական ակտիվություն համարել: Ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է օրական նվազագույնը 10 000 քայլ կատարել. դա կօգնի տոներին չգիրանալ եւ պահպանել առողջությունը: Ուրիշները սովորական զբոսանքը ֆիզիկական ակտիվություն չեն համարում եւ պնդում են, որ «զբոսանքի» ժամանակ սրտի զարկերը րոպեում պետք է գերազանցեն 120-ը, եւ միայն այդ դեպքում դրանից կարելի է ինչ-որ օգուտ քաղել:
Ամեն դեպքում, NEWS.am Medicine-ի խմբագրությունը համոզված է, որ նույնիսկ սովորական զբոսանքը ամանորյա օրերին օգտակար կլինի, ուստի եթե մարզասրահ հաճախելու հնարավորություն չկա, աշխատեք գոնե ավելի հաճախ քայլել:






