Ինչպե՞ս են հայերը պատրաստվում դիմավորել Նոր տարին: Ինչպե՞ս են նրանք պատրաստվում սնվել տոների ժամանակ եւ օգտագործելո՞ւ են արդյոք ոգելից խմիչքներ: Այս հարցերին պատասխանելու համար կօգնեն այս տարվա դեկտեմբերին անցկացված NEWS.am Medicine-ի արած հարցումները։

Հարցին, թե «Ինչպե՞ս եք պատրասվում սնվել ամանորյա տոներին», հարցվածների 73%-ը պատասխանել է, որ ուտելու է տնական ուտեստներ: Չէ՞ որ տոներին դրանք այնքան շատ են լինելու: Հարցվածների 3%-ը պատրաստվում է ճաշել ռեստորաններում, իսկ 24% -ն էլ պդնում է, որ իրենց սննդակարգը տոների ժամանակ չի փոխվելու եւ մոտավորապես նույնը կլինի, ինչպես սովորական օրերին:

Հարցմանը մասնակցել է ընդամենը 161 մարդ:

Հիշեցնենք, որ մասնագետները պնդում են, որ տոնական «շատակերությունը» շատ վնասակար է առողջության համար. դրանից տուժում են աղեստամոքսային տրակտը, սիրտը, եւ նույնիսկ սեռական համակարգը: Բացի դրանից, ամանորյա տոների ժամանակ դժվար չէ թունավորվել, քանի որ շատերը սնունդը նախօրոք են պատրաստում, եւ այն շատ արագ է փչանում: Թունավորումներից խուսափելու համար ծանոթացեք այս խորհուրդներին եւ աշխատեք հետեւել դրանց:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը փորձել է նաեւ պարզել՝ արդյոք հայերը պատրաստվում են տոներին ոգելից խմիչքներ օգտագործել եւ մտադիր են արդյոք ինչ-որ բանով իրենց սահմանափակել: Ինչպես ցույց են տվել հարցումները, մարդկանց 43% -ը մտադիր է խմել «ինչպես սովորաբար, ինչքան ցանկանան»: 22% -ը ստիպված է սահմանափակել ոգելից խմիչքների օգտագործումն առողջական վիճակի պատճառով, իսկ հարցվածների 34%-ն սկզբունքորեն չի խմելու: Պետք է խոստովանենք, որ այս թիվը շատ ավելին է, քան մենք կարող էինք ակնկալել:

Հիշեցնենք, որ ոգելից խմիչքները, ինչպես հայտնի է, կարող են բազմաթիվ խնդիրներ առաջացնել եւ նույնիսկ սպանել մարդուն, հատկապես եթե առօրյա կյանքում մարդը չի խմում, իսկ տոներին շատ է խմում:

Եթե մտադիր եք ամանորյա տոներին ոգելից խմիչքներ օգտագործել, պարտադիր ծանոթացեք այս խորհուրդներին, որոնք կարող են Ձեզ օգնել խուսափել տհաճ անակնկալներից եւ պահպանել առողջությունը: