Ընդունված է թերագնահատել եւ ատել ճարպային բջիջները. չէ՞ որ դրանք մարդուն գիրացնում են: Սակայն, ինչպես ցույց է տվել Սան Դիեգոյի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականների հետազոտությունը, ճարպային բջիջները կարող են նաեւ օգտակար լինել, քանի որ կարող են օգնել մանրէային վարակների դեմ պայքարում:
Վերը նշված համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Գալլոն պնդում է, որ ճարպային բջիջները՝ ադիպոցիտները, արտադրում են հակամանրէային պեպտիդներ՝ մաշկի տակ հայտնված մանրէներին եւ այլ պաթոգեն միկրոօրգանիզմներին չեզոքացնող մոլեկուլներ:
Երբ մաշկի ամբողջականությունը քայքայվում է, արյան սպիտակ բջիջները կանխում են արյան շրջանառության մեջ մանրէների ներթափանցումը: Սակայն ժամանակ է հարկավոր, որպեսզի սպիտակ բջիջները հասնեն վերքին: Մինչեւ դրանց «ժամանումը» միկրոբների չեզոքացմամբ զբաղվում են ճարպային բջիջները:
«Հիմա մենք գիտենք, որ ճարպային ցողունային բջիջները պատասխանատու են մեր պաշտպանության համար,-ասել է պրոֆեսոր Ռիչարդ Գալլոն.- Եվ սա բոլորովին անսպասելի է: Առաջ հայտնի չէր, որ ադիպոցիտներն արտադրում են հակամիկրոբային նյութեր»:
Հետազոտության շրջանակում գիտնականները մկներին վարակել են բավականին տարածված մանրէով՝ ոսկեգույն ստաֆիլակոկով, որը պատասխանատու է մաշկային տարբեր վարակների համար: Վարակելուց մի քանի ժամ հետո մկների մոտ զգալիորեն աճել է վերքի շուրջը գտնվող ճարպային բջիջների քանակը, իսկ առկա բջիջները մեծացել են չափսերով: Այդ բոլոր բջիջներն սկսել են ակտիվորեն հակամանրէային նյութեր արտադրել վարակը կանխելու համար:
Այնուհետեւ իրենց եզրահանգումները հաստատելու համար գիտնականները նույն մանրէով վարակել են մկներին, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել ճարպային բջիջներ արտադրել (ադիպոցիտներ) կամ էլ որոնց բջիջները չեն կարողացել արտադրել հակամանրէային նյութեր: Այդպիսի մկների մոտ վարակման հավանականությունը զգալիորեն բարձրացել է:
Այսպիսով, հետազոտությունը ցույց է տվել, որ ենթամաշկային ճարպային բջիջները կարող են իսկապես մեծ դեր խաղալ վարակների կանխարգելման հարցում:
Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու ճարպային բջիջները նույնպես արտադրում են հենց այդպիսի հակամանրէային նյութեր, եւ հետաքրքիրն այն է, որ գեր մարդկանց մոտ արյան մեջ այդ հակամանրէային նյութերի քանակն ավելի շատ է, քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ:
Գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Science ամսագրում:






