Գիտնականներին հաջողվել է նոր հակաբիոտիկ ստեղծել, որը սպանում է ուրիշ դեղամիջոցների հանդեպ կայունություն ունեցող մանրէների լայն սպեկտր։ Նոր հակաբիոտիկը կոչվում է տեյկսոբակտին, եւ, գիտնականների կարծիքով, առնվազն մի քանի տասնամյակ կպահանջվի, որպեսզի մանրէները հակաբիոտիկի հանդեպ կայունություն ձեռք բերեն։
Տեյկսոբակտինի ստեղծողները հայտարարել են, որ այն կհաղթի սուպերմանրէներին, քանի որ գործում է այլ սկզբունքով՝ հարվածելով ոչ թե վարակիչ մանրէների սպիտակուցներին, այլ դրանց բջջային թաղանթներին։ Գործողության նման մեխանիզմը մանրէներին թույլ չի տա ադապտացվել հակաբիոտիկին եւ սուպերմանրէ դառնալ։
Նոր հակաբիոտիկն ստեղծելիս գիտնականները հրաժարվել են լաբորատոր պայմաններում հեշտությամբ աճեցվող մանրէներից եւ սովորել են iChip սարքի օգնությամբ մշակել ստորգետնյա միկրոֆլորայի հազվագյուտ ներկայացուցիչներ։ Սարքը թույլ է տալիս բջիջներ աճեցնել բնական հողի պայմաններում։
Այդ տեխնոլոգիայի օգնությամբ գիտնականները սկանավորել են հողի մանրէների մոտ 10 000 շտամ, որոնց հանուկները փորձարկվել են պենիցիլինի եւ մասամբ մետիցիլինի հանդեպ կայուն ոսկեգույն ստաֆիլակոկի վրա։ Գիտնականներն ուշադրություն են դարձրել Elephtheria terrae մանրէի վրա. Վերջինից ստացված հակաբիոտիկը (որը կոչվում է տեյկսոբակտին) վարակում է ուրիշ միկրոօրգանիզմների ոչ թե սպիտակուցները, այլ դրանց բջջային թաղանթները (ավելի ճիշտ, լիպիդ-պրեկուրսորները, որոնցից ստեղծվում են այդ բջջային թաղանթները)։
Այս դեղամիջոցն ժամանակակից հակաբիոտիկային անբուժելի հիվանդություններ ունեցող մարդկանց նոր հույս կարող է տալ։ Ժամանակակից հակաբիոտիկների մեծամասնության քիմիական հիմքը հայտնաբերվել է այդ դեղամիջոցների «ոսկե դարում» 1940-1960 թթ. ) եւ վերցրվել է հողի մանրէներից եւ սնկերից։ Այն բանից ի վեր, ինչ մանրէներն սկսել են ավելի հաճախ հակաբիոտիկների հանդեպ դիմադրություն ցույց տալ, շուկա է մտնում ավելի քիչ նոր դեղամիջոցներ, քանի որ դեղագործական ընկերությունները չեն ցանկանում ներդրում կատարել թանկարժեք դեղամիջոցների արտադրությունում, որոնք մոտ ապագայում անարդյունավետ կդառնան, իսկ առողջապահության պետական մարմինները խորհուրդ չեն տալիս օգտագործել նոր հակաբիոտիկներ դրանց հանդեպ դիմադրողականության աճի տեմպերը դանդաղեցնելու համար։
Դեղամիջոցը առայժմ փորձարկվել է միայն կենդանիների վրա, առջեւում են մարդկանց վրա կլինիկական փորձարկումները, ուստի մարդկային օրգանիզմի համար հակաբիոտիկի անվտանգությունը եւ արդյունավետությունը դեռ անհայտ է։ Ամենայն հավանականությամբ նոր դեղամիջոցը դեղատներում կհայտնվի միայն 5-6 տարի անց։






