Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (Ecole Polytechnique Federale de Lausanne (EPFL)) գիտնականներին հաջողվել է նոր առաձգական իմպլանտ ստեղծել, որը շարժվում է ողնուղեղի հետ միասին: Այդ իմպլանտը կարողացել է վերականգնել կաթվածահար առնետների շարժունակությունը եւ բացառված չէ, որ ապագայում այն կարող է եւ կաթվածահար մարդկանց համար օգտակար լինել:

Ողնուղեղի տրավմայի հետեւանքով ազդանշանները դադարում են հաղորդվել, ինչի արդյունքում առաջանում է վերջույթների կաթված: Սակայն ոչ այնքան վաղուց հետազոտողների հենց այս խումբն ապացուցել է, որ տրավմայից հետո ողնուղեղի քիմիական եւ էլեկտրական խթանումը ազդանշաններին հաղորդման նոր ուղիներ գտնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ժամանակ դրա համար պահանջվում էր էլեկտրոդների անմիջական իմպլանտացիա, իսկ դա միայն ժամանակավոր միջոց կարող էր լինել:

Իսկ իմպլանտներն արդեն հարցի բոլորովին այլ լուծում են: Բայց շատ կարեւոր է, որ իմպլանտները ճկուն լինեն, հակառակ դեպքում դրանք կսկսեն մաշվել, բորբոքում առաջացնել եւ արդյունքում կդադարեն աշխատել:

Ինչպես հաղորդում է BBC-ին, ի տարբերություն այս գյուտի, ավելի վաղ ստեղծված բոլոր իմպլանտները կոշտ էին եւ վնասում էին հարեւան հյուսվածքները: Այս նոր իմպլանտը շարժվում է մարմնի հետ՝ ապահովելով ողնուղեղի թե´ քիմիական, թե´ էլեկտրական խթանումը: Ինչպես ցույց են տվել առնետների հետ արված թեստերը, իմպլանտների օգնությամբ հնարավոր է եղել վերականգնել նրանց վերջույթների շարժունակությունը:

Իմպլանտը ստեղծելիս գիտնականներն օգտագործել են առաձգական սիլիկոն եւ մակերեսի վրա փոքրիկ կտրվածքներով ոսկուց լարեր (հետեւաբար, դրանք ունակ են ձգվելու):

Այդ նյութերից ստեղծված իմպլանտները հրաշալիորեն աշխատել են երկու ամիս. մեր օրերում սա նման սարքավորումների աշխատանքի ամենաերկար ժամկետն է:

Շատ մասնագետների կարծիքով այս զարգացումն իսկական բեկում է նեյրոպրոթեզավորման ոլորտում: