Մակգիլի եւ Դուգլասի հոգեկան առողջության համալսարանների (Կանադա) կանադացի գիտնականները հաբ են ստեղծել, որը թույլ է տալիս ազատվել կեսնաբանական ժամերի խանգարումներից եւ կարգավորել քունը:
Ենթադրվում է, որ հաբը կօգնի քնելու հետ կապված խնդիրների դեպքում, որոնք առաջանում են գիշերներն աշխատելու եւ հաճախակի չվերթների արդյունքում: Գիշերային հերթափոխերի եւ չվերթների հետեւանքով առաջացած կենսաբանական ռիթմերի խանգարումը կարող է վնասել առողջությանը եւ սրտային կամ էլ նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ:
Նոր դեղամիջոցը լեյկոցիտներն այնպես է սինքրոնացնում, որ օրգանիզմն սկսում է օրը գիշեր համարել եւ հակառակը: Հաբի բաղադրության մեջ գլյուկոկորտիկոիդ հորմոն է պարունակվում, որը թույլ է տալիս փոխել օրգանիզմի՝ օրվա եւ գիշերվա հանդեպ ռեակցիան:
Դեղամիջոցը հաջողությամբ փորձարկում է անցել 16 կամավորի շրջանում: Սակայն վաճառքի հանվելու համար այն դեռ պատրաստ չէ:
Ավելացնենք, որ ժամային գոտու փոփոխության համախտանիշը ջետլագ է կոչվում: Այդպիսի վիճակը սովորաբար առաջանում է ժամային գոտիների արագ հերթափոխի դեպքում մարդու կենսաբանական ռիթմերի՝ ցերեկային ռիթմերի հետ անհամապատասխանությունից: Ջետլագը կարող է ուղեկցվել հոգնածությամբ, անքնությամբ, գլխացավով, ախորժակի բացակայությամբ եւ անհանգստության այլ վիճակներով: Այդպիսի վիճակը կարող է մի քանի օր տեւել:
Երբ մարդն ինքնաթիռով թռիչքի ժամանակ մի քանի ժամային գոտիներ է անցնում, օրգանիզմի ներքին ժամերը շեղվում են աշխարհագրականից: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ փոխվում է օրվա եւ գիշերվա տեւողությունը, որի պատճառով խանգարվում են սնվելու, քնի, հորմոնների արտադրման եւ մարմնի ջերմաստիճանի ռիթմերը:
Օրգանիզմի՝ օրվա նոր ռեժիմին հարմարվելու արագությունը մեծապես կախված է կոնկրետ մարդու առանձնահատկություններից: Սովորաբար մեկ-երկու ժամով փոփոխությունը լուրջ հետեւանքներ չի առաջացնում:
Հետազոտության համաձայն՝ մարդկանց մեծ մասն արեւմուտքից դեպի արեւելք չվերթներն ավելի վատ է տանում: Հավանաբար պատճառն այն է, որ մեծամասնության համար երկար քնելն ավելի հեշտ է, քան վաղ արթնանալը:






