Տղամարդիկ կանանցից հաճախ են սելֆի անում: Այսպիսի հետաքրքրական եզրահանգման են եկել HTC ընկերության մասնագետները՝ 18-30 տարեկան 2000 մարդու շրջանում հետազոտություն իրականացնելով:

Այսպես, նրանց հաջողվել է պարզել, որ տղամարդիկ սոցկայքերում շաբաթական մոտավորապես 3 սելֆի են հրապարակում, իսկ կանայք՝ երկու անգամ ավելի քիչ՝ ընդամենը 1,6:

Մոտավորապես տղամարդկանց 76%, իսկ կանանց 45%-ը լուսանկարում է սեփական մարմինը: Ուժեղ սեռի ներկայացուցիչների 20%-ը կուրծքն է նկարում, իսկ 17%-ը՝ իրանը կամ ձգած մկանները:

Տղամարդիկ նաեւ խոստովանել են, որ իրենք հրապուրիչ երեւալու համար են սելֆի անում: Բացի այդ, տղամարդկանց եւ կանանց 19%-ը միմյանց վրա տպավորություն թողնելու համար է սելֆի անում: Ընդ որում, տղամարդկանց 25%-ը սելֆի է հրապարակում նախկին կամ ներկայիս զուգընկերուհու մոտ խանդ առաջացնելու համար:

Համեմատության համար նշենք, որ կանանց ընդամենը 13%-ն է սելֆիների օգնությամբ փորձում զուգընկերոջ մոտ խանդ առաջացնել, իսկ 7%-ն իրեն լուսանկարում է ավելի գայթակղիչ տեսք ունենալու համար: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 35%-ը սելֆի է անում ընկերներին ցույց տալու, թե իրենք ինչով են զբաղված, իսկ 26%-ն էլ հիշելու համար է լուսանկարվում:

Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ սելֆիների խիստ սիրահար տղամարդիկ կարող են պոտենցիալ հոգեկաններ լինել: