Ալկոհոլային խմիչքների օգտագործումը, անկախ գույնից եւ թնդությունից, կարող է շատ վնասակար լինել առողջության համար եւ բազմաթիվ անցանկալի խնդիրներ առաջացնել։ Այս առումով շատ կարեւոր է ձեւավորել ալկոհոլային խմիչնքերի օգտագործման մշակույթ՝ կարծում է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ նման մշակույթի ձեւավորումը կարող է զգալիորեն կրճատել ալկոհոլի օգտագորժման ծավալը՝ միաժամանակ հնարավորություն տալով վայելելու խմիչքի համը, բույրը, տեսքն ու լավ ժամանակ անցկացնել։ Մանասյանի խոսքով՝  կարելի է սպիրտային խմիչքները խառնել ոչ ալկոհոլային խմիչքների հետ,  պատրաստել տարատեսակ կոկտեյլներ, որոնցում ալկոհոլի չափաբաժինը փոքր կլինի։

Գաստրոէնտերոլոգը հիշեցրեց, որ ալկոհոլի չարաշահումը մի շարք խնդիրների եւ հիվանդությունների, այդ թվում՝ մահացու, պատճառ կարող է դառնալ, քանի որ ոչ բոլոր օրագնիզմներն են ի վիճակի ալկոհոլի առաջացրած խնդիրների դեմ պայքարելու։

Նշենք, որ ալկոհոլը մեծացնում գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի առաջացման հավանականությունը։ Ալկոհոլը վնասակար է նաեւ իմունային համակարգի համար։  Վերջերս  գիտնականները պարզել էին, որ ալկոհոլային խմիչքները կարող են նաեւ դեմենցիայի՝ տկարամտության զարգացման պատճառ դառնալ՝ նույնիսկ չափավոր օգտագործման դեպքում։ Բացի այդ, ալկոհոլը վնասում է նաեւ սերմնահեղուկի որակը, որի պատճառով էլ խորհուրդ չի տրվում երեխա բեղմնավորել տոնական օրերին՝ ալկոհոլային  խմիչք օգտագործելուց հետո։