Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Facebook սոցցանցում ոգելից խմիչքի մասին գովազդները, հակագովազդները եւ ցանկացած այլ հիշատակում մեծացնում են ալկոհոլ օգտագործելու ցանկությունը: Mass Communication and Society-ի հաղորդմամբ՝ Միչիգանի համալսարանի հոգեբանները նման եզրահանգման են եկել՝ 1-ին կուրի ավելի քան 400 ուսանողի շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում:

Ուսանողներին հանձնարարվել է մի քանի ժամ անցկացնել Facebook-ում, որում ի թիվս այլ գրառումների նրանք տեսել են ոգելից խմիչք արտադրող ընկերությունների պաշտոնական էջերը, ալկոհոլին առնչվող գովազդներ, հակագովազդներ, դրա մասին գրառումներ և այլն: Ուսումնասիրողներն այդ ընթացքում հետևել են, թե ուսանողներն ինչպես են արձագանքում ոգելիցին առնչվող գրառումներին՝ հավանու՞մ են (like), տարածու՞մ, մեկնաբանու՞մ, թե՞ պարզապես անտեսում: Դրանից հետո մասնակիցներից պահանջվել է լրացնել հարցաթերթիկ, որում նրանց հակվածությունը դեպի  ոգելից խմիչքները բացահայտող հարցեր են եղել: Նույն այդ հարացաթերթիկը նրանք լրացրել էին Facebook մուտք գործելուց առաջ:

Գիտնականներն այնուհետ վերլուծել ու համեմատել են հարցաթերթիկների արդյունքները սոցցանցում մասնակիցների գործունեության արդյունքների հետ ու մտահոգիչ եզրակացության եկել. այն ուսանողները, որոնք ավելի շատ են հավանել, մեկնաբանել, տարածել ալկոհոլի մասին գրառումները, այնքան ավելի մեծ է եղել նրանց խմելու ցանկությունը երկրորդ հարցաթերթիկը լրացնելու ժամանակ: Ընդ որում, պարզվել է որ ոգելից խմիչքների հանդեպ հակումը մեծացել է ոչ  միայն ոգելիցի գովազդներ դիտելիս, այլեւ՝ հակագովազդներ կամ այլ ընկերությունների մասին գովազդներ նայելիս, որոնցում ալկոհոլի մասին որևէ հիշատակում է եղել:

Գիտնականներն առաջարկել են սոցցանցում ստեղծել վերահսկողության այնպիսի համակարգ, որը 21 տարին չբոլորած (ԱՄՆ-ում չափահասության տարիքին է) օգտատերերին ցույց չի տա ոգելիցի մասին գովազդները եւ դրանց հիշատակմամբ գրառոմները: