Ինչպե՞ս ամանորյա ճոխ սեղաններից հետո մաքրել օրգանիզմը։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում խոսեց Da Vinchi կլինիկայի դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։

«Շատ խորհուրդներ կարող ենք տալ, թեպետ, մասնագետների խորհուրդներն ու կոչերը զանց առնելով, այս բուռն կերուխումն ամեն տարի շարունակվելու է », - ասաց նա։

Ըստ մասնագետի, լիցքաթափման օրերի զանազան տարբերակներ կան, որոնք կօգնեն ազատվել մի քանի օրվա քրոնիկ շատակերությունից հետո առաջացած ծանրության զգաղողությունից եւ անգամ մի քանի կիլոգրամ քաշ գցել։ Կարելի է մեկ օր միայն ջուր խմել, եթե դուք լիովին առողջ եք։ «Եթե դա ձեր առաջին փորձն է, ապա մեկ օրից ավել չի կարելի սոված մնալ», - նշեց Հ. Աբովյանը, ավելացնելով, որ այդ օրը մարդը պետք է մեծ քանակության ջուր խմի, կարելի է նաեւ խմել մի քանի բաժակ կանաչ թեյ կիտրոնով։ Լիցքաթափման օրը թույլատրվում է մեկ գդալ մեղր ուտել։

Այլ լիցքաթափման դիետաներ էլ կան, օրինակ, խնձորի, երբ օրվա ընթացքում կարելի է միայն խնձոր ուտել, բայց այդ դիետային կարելի է հետեւել երեք օրից ոչ ավելի։ Լիցքաթափման օրերին խորհուրդ է տրվում 2-3 բաժակ հանքային ջուր խմել, եւ իհարկե մեծ քանակությամբ սովորական ջուր, նվազագույնը 8 բաժակ օրական։ Լիցքաթափման զանազան տարբերակներից կարելի է ընտրություն կատարել ըստ ճաշակի։ Բայց անհրաժեշտ է հիշել, որ ավելորդ քաշի խնդիր ունեցող յուրաքանչյուր մարդ, ով ուզում է սովորել առողջ սնվելու սկզբունքները, եւ, ամենակարեւորը, ուզում է դրանք կյանքի կոչել, պետք է դիմի մասնագետի օգնությանը։ Իրենց եւ իրենց երեխաների նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ պետք է մասնագետների դիմեն՝ դիետոլոգի, հոգեբանի, ե այլ ։  Չէ որ դիետոլոգիան գիտություն է՝ առողջ եւ համաչափ սննդի մասին։

Շատերն առանց հասկանալու ընկնում են ինտերնետի խորհուրդների հետեւից, որոնք միշտ չեն մասնագիտական, եւ կարող են անգամ առողջությանը վնաս հասցնել։ «Ի՞նչ եռանդով են մարդիկ ընկնում խանութից խանութ զեղչերի ժամանակ...Եթե նրանք այդ եռանդի մի փոքր մասը տրամադրեին իրենց առողջությանը եւ բժշկին դիմելուն, ապա իրադրությունը բնակչության ավելորդ քաշի եւ առողջության հարցում շատ ավելի ուրախալի կլիներ», - ասաց նա։