Թմրանյութերից կախվածություն ունեցող մարդու արտաքին տեսքը շատ արագ է փոխվում: Վերջերս Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն պարզել են, ինչպես եւ ինչու է դա տեղի ունենում:

Մետամֆետամինը՝ շատ ուժեղ կախվածություն առաջացնող թմրանյութը, վնասում է գլխուղեղն ու նաեւ մի շարք այլ օրգաններ՝ պատճառ դառնալով այնպիսի հիվանդությունների, որոնք ի հայտ են գալիս հիմնականում ծերերի մոտ:

Պարզվեց, դա տեղի է ունենում այն պատճառով, որ մետամֆետամինը առաջացնում է ճարպերի մետաբոլիզմի փոփոխություններ, ինչի հետեւանքով բջիջներն ավելի շուտ են ծերանում: 

Օրգանիզմում բորբոքային պրոցեսներ են սկսվում, ձեւավորվում են կերամիդները՝ այն մոլեկուլները, որոնց պատճառով բջիջներն ավելի շուտ են ծերանում եւ մահանում:

Գիտնականները պարզել են, որ կերամիդների արտադրությունն առնչվում է այն սպիտակուցի հետ, որը սովորաբար նպաստում է բջիջների եւ ողջ օրգանիզմի նորմալ գործունեությանը: Թմրանյութերի ազդեցության տակ բջիջները դադարում են ընկալել այդ սպիտակուցից եկող ազդակները եւ կերամիդների արտադրությունն օրգանիզմում ավելանում է:

Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Դենիել Պիոմելլին՝ ուսումնասիրության հեղինակներից մեկը, պնդում է, որ օրգանիզմի վաղաժամ ծերացումը մետամֆետամինի պատճառով բացատրվում է հենց այդ «ազդանշանային համակարգի» յուրահատկություններով: Վերհանելով այս գործընթացների էությունը՝ գիտնականները հետագայում ի զորու կլինեն պաշտպանել օրգանիզմը թմրանյութերի բացասական ազդեցությունից, ինչի արդյունքում թմրամոլների բուժումն ավելի արդյունավետ կլինի: